Թուրքիայի Բաթմանի շրջանի Զորքյոյ և Յենիքյոյ գյուղերի բնակիչները դիմել են դատարան' պահանջելով վերադարձնել «ապօրինաբար» իրենց ձեռքից խլված 4500 հա հողատարածքը: Ըստ թուրքական «Հաբերֆլեշ» լրատվական կայքի' գյուղացիները պնդում են, որ հողատարածքը «ապօրինաբար» հայերին պատկանող հող է ներկայացվում և դատարանում իրենց դեմ կեղծ փաստաթղթեր են շահարկվում:

Ըստ աղբյուրի' հերթական դատական նիստի ժամանակ դատարանում գյուղանցիների և հակառակ կողմի փաստաբանների միջև վեճ է ծագել: Ինչի հետևանքով 26 գյուղացի բերման է ենթարկվել: Ի նշան բողոքի' Զորքյոյ գյուղի գյուղացիները իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում: 1200 աշակերտ հրաժարվել է գնալ դպրոց մինչև ձերբակալվածները ազատ չարձակվեն:

Գյուղացիներից մեկը' Ըդրիս Համարաթը, ասել է . «Այս ապօրինությունը քիչ էր, դատարանում էլ մեզ ստորացնող վերաբերմունք են ցույց տալիս: Արդյո՞ք 90 տարի իրենց հողերում ապրող գյուղացիներն են մեղավոր, թե՞ ասյտեղ ոչ մի իրավունքեր չունեցող, 40 տարուց ի վեր Ստամբուլում և Ֆրանսիայում ապրողները: Սա կարելի է ընկալել որպես Հայոց ցեղասպանության ապացույց: Հիմա Ֆրանսիայում ապրող և արմատներով սասունցի հային մեր գյուղ բերելն ու որպես ժառանգորդ ներկայացնելը արդյո՞ք Հայոց ցեղասպանության ապացույցը չէ»:

Բերման ենթարկվածներից 18-ը ազատ են արձակվել, իսկ 8-ը առայժմ մնում են ձերբակալված: