Այն, որ Հայաստանում որևէ բանի վրա զարմանալն իսկ զարմանալի է, փաստ է: Բայց պարզվում է, որ մեր բազմաչարչար երկրում դեռ մնացել են երևութներ, որոնց վրա ոչ միայն կարելի է զարմանալ, այլև ցնցվել պետական չինովնիկների լկտիության աստիճանից, որով պարզապես շորթում են Հայաստանի քաղաքացիներին:

 

«Հայկական ժամանակ»-ը պարզել է, որ Երևանի կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի ավտոկանգառներից ոչ բոլորն են վճարովի։ Այն փողոցներում, որտեղ «Փարքինգ սիթի սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամբողջական կահավորում չի արվել, այսինքն՝ չեն տեղադրվել տեսախցիկներ, կայանելն առայժմ անվճար է։ Այս մասին ասել է «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Վազգեն Հարությունյանը։ Հարությունյանը հավաստիացրել է, որ կայանման դիմաց բոլոր չվճարողները տուգանվում են առանց խտրականության, բայց, եթե փողոցը ամբողջությամբ կահավորված է։ «Որտեղ կահավորումը թեկուզ մի մասով պակաս է, այնտեղ հսկողություն չենք իրականացնում»,-ասել է ընկերության տնօրենը։ Նման դեպքերում կայանման դիմաց վճարել-չվճարելը «Փարքինգ սիթի սերվիսը» առայժմ թողնում է վարորդների խղճին։ Սակայն այդպես երկար չի շարունակվի։ Տեսախցիկների տեղադրումը Երևանի փողոցներում շարունակվում է։ «Վերջին օրերին տեսախցիկներ են տեղադրվել Չարենց, Տերյան, Բեյրութի, Խորենացի փողոցներում։ Նրանցից մեկ-երկուսը, օրինակ Չարենցի փողոցը, ակտիվ կլինի 1-2 օրից, քանի որ կահավորումը նոր ենք ավարտել։ Մի քանի օրից այս ցանկին նոր փողոցներ կավելանան»,-նշել է Հարությունյանը։ Մինչև տարեվերջ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն կավարտի Փոքր Կենտրոնի կահավորումն ամբողջությամբ։ Իսկ մինչ այդ, կահավորված փողոցների թիվը շուտով կհասնի մոտ 20-ի»։ 

 

Ըստ էության, օրը ցերեկով Երևանում խաբեություն է տեղի ունենում, և որևէ պետական կառույց չի արձագանքում այդ խաբեությանը: Սրտաճմլիկ արդարացումներով ներդրված ծառայությունը, փաստորեն, որպես այդպիսին, չի գործում, սակայն ընկերությունը շարունակում է վարորդներից օդից փող կպցնել` ոչնչի դիմաց: Ավելին, չկահավորված փողոցներում կայանման դիմաց վճարել-չվճարելը «Փարքինգ սիթի սերվիսը» առայժմ թողնում է վարորդների խղճին։ Ինչպիսի հումանիզմ, հուզվել կարելի է: Իսկ ուր են այն միլիոնավոր ներդրումները, որի մասին ամեն օր խոսում էին: Փաստորեն ոչ մի ներդրում էլ չի եղել: Ծառայությունը սկսել է գործել, գանձումները կատարվել են, որոնց մի մասով էլ այժմ սկսել են համապատասխան տեխնիկա ձեռք բերել: 

 

Փող կպցնելու հեշտ մեթոդ է: Ընդամենը ոչինչ չասող փաստաթղթերով սահմանում են սակագներ ոչնչի դիմաց, տպավորություն են ստեղծում, որ բոլոր կարմիր գծանշումներով կայանատեղիները վերահսկվում են, մարդիկ ստիպված վճարումներ են կատարում, և այդ գումարներով աստիճանաբար սկսում են տեսախցիկներով պաշարել մայրաքաղաքը` նոր գումարներ շորթելու ակնկալիքով: Երբ խաբեության կծիկը բացվում է` հայտարարում են, որ տեսախցիկներով չկահավորված փողոցներում վճարում կատարելը վարորդի խղճի վրա է: Պատկերացնու՞մ եք` ինչ աղաղակող խաբեության հետ գործ ունենք: Աշխարհի որևէ երկրում քաղաքացու խիղճը որևէ ֆորմատով չի հարկվում: Մեզ մոտ շուտով թասիբն էլ կբերեն հարկման դաշտ:

 

Փաստորեն անբարեխիղճ գովազդի արդյունքում մեր բազմաթիվ քաղաքացիներ, առանց իմանալու, որ կոնկրետ վայրում ավտոմեքենան կայանելու համար վճարում չպետք է կատարվի, վճարել են` դառնալով խաբեության զոհ: Վստահ եմ, որ բավականին կլորիկ գումարներ են գնացել ոչնչի դիմաց գումարներ կորզող ընկերության գրպանը: Նրանք պարտավոր էին համապատասխան կահավորում ապահովել, գոնե ծառայության իմիտացիա ապահովել, որից հետո պահանջել վճարներ` կայանման դիմաց: Կամ համապատասխան ցուցանակներ տեղադրել, որ ընկերությունը դեռևս ավարտին չի հասցրել ծառայության մատուցման ամբողջական փաթեթը, ուստի այս պային կոնկրետ X փողոցում գանձումներ չեն կատարվում, որովհետև որևէ ծառայություն դեռևս առկա չէ:

 

Ակնկալում ենք համապատասխան պետական կառույցների շատ արագ արձագանքը...

 

Վարուժան Բաբաջանյան