Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը՝ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, քննարկել է պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախագծով հեղինակներն առաջարկում են ուժը կորցրած ճանաչել օրենքի մի շարք դրույթներ, ինչպես նաեւ փոփոխության ենթարկել, իրենց մեկնաբանությամբ, ՀՀ Սահմանադրությանը հակասող որոշ հոդվածներ, որոնք վերաբերում են արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով զինված ուժերի օգտագործման եւ արտակարգ դրության ժամանակ ստեղծվող պարետատան հարցերին: Առաջարկվում է վերանայել նաեւ պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալելու վերաբերյալ դրույթը. հեղինակներն առաջարկում են սահմանել, որ պարետային ժամը խախտած անձինք ենթակա են բերման ենթարկվելու, այլ ոչ՝ ձերբակալման:

 

ՀՀ կառավարության բացասական կարծիքը օրինագծի վերաբերյալ ներկայացրել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար օրինագիծը չստացավ դրական եզրակացություն: