Փողկապ ուտելու մասին

 

«Իրականում դա եղավ այսպես. պատերազմի ամենաթեժ օրերին ես իմ աշխատասենյակում էի: Այնտեղ տեսախցիկ էր տեղադրված, և ես օրվա մեջ մի քանի անգամ հարցազրույց էի տալիս ուղիղ եթերով: Պարզվում է` տեսախցիկը միացրած էր այն պահին, երբ որ պիտի անջատված լիներ: Եվ այդպես կադրերը հայտնվեցին YouTube-ում: Ընդամենը սա: Ես այդ օրերին շատ հուզված էի, քանի որ ամեն օր զոհերի և ավերածությունների մասին էի հաղորդում: Ես այդ պահին եղել եմ սեփական աշխատասենյակում, սեփական երկրում, և չգիտեի, որ տեսախցիկը միացված է, և ես իմ արարքի մեջ շատ արտառոց որևէ բան չեմ տեսնում: Քաղաքական գործչի հավասարակշռությունն ու բնավորությունը չի որոշում սեփական փողկապի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքով, այլ նրա քաղաքական որոշումներով ու հայտարարություններով»:

 

Պուտինի մասին

 

«Ես չեմ պատրստվում ոչ մի տեսակի զիջումների գնալ Պուտինի վարչակարգի համար: Մեր հարաբերությունները միշտ կոշտ են եղել, սակայն երբեք դուրս չեն եկել բարեկրթության սահմաններից: Հայտնի է, որ համաշխարհային շատ առաջնորդների նա ամենատարբեր մականուններով է կոչել: Նա, իրոք, կարող է շատ կոպիտ լինել: Սակայն ինձ անձամբ նա երբեք չի կոպտել: Մեր միջև միշտ քաղաքավարության սահման է եղել:

 

Ես ասում եմ, որ երբեք ոչ մի անձնական կամ հատուկ անհանդուրժողականություն չեմ տածել Պուտինի հանդեպ, չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ նրա հրամանով ռուսական բանակն օկուպացրել իմ երկրի տարածքը: Մեր միջև պարզապես աշխարհընկալման կոնֆլիկտ կա: Պուտինը թաղային հեղինակության մտածելակերպ ունի, իսկ ես միշտ դպրոցի գերազանցիկ եմ եղել: Ես, օրինակ, հիշում եմ, որ երբ դպրոցն ավարտում էի ոսկե մեդալով, դրա պատճառով անընդհատ բախումների մեջ էի բակի տղաների հետ: Ես կռվում էի նրանց հետ և չէի թողում, որ ինձ նեղացնեն: Ճիշտ և ճիշտ նման մի բան է կատարվում հիմա հետխորհրդային մեր այս տարածքում»:

 

2008-ի պատերազմի մասին

 

«Չի կարելի փոքր ազգերին զոհել սեփական աշխարհաքաղաքական ուռած ամբիցիաների պատճառով: Սա իմ հստակ դիրքորոշումն է: Իհարկե, կարծում եմ, որ Հարավային Օսիան Ռուսաստանին բացարձակապես չէր հետաքրքում: Այն, ինչ կատարվում է Վրաստանում, կառավարությունը տապալելու և Վրաստանի անկախությունը ոչնչացնելու փորձ է:

 

Վրաստանի և Ռուսաստանի միջև պատերազմից հնարավոր կլիներ խուսափել միայն պայմանով, որ Վրաստանը չկանայար որպես անկախ պետություն, և որ կատարեր Ռուսաստանի բոլոր պահանջները 2003-ից սկսած»:

 

Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության մասին

 

«Աշխարհում ոչ մեկը, բացի խելագար Ուգո Չավեսից, չի ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը»:

 

Ռուսաստանի մասին

 

«Ի տարբերություն շատ երկրների' Ռուսաստանի Դաշնությունը հետաքրքրված չէ իր սահմանակից պետություններում կայունության հաստատմամբ: Կրեմլը ձգտում է մշտական խարխուլ վիճակ ստեղծել հարևան պետություններում: Նա թույլ չի տալիս Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում ուժեղ կառավարությունների ձևավորումը նույնիսկ այն դեպքում, եթե նրանք հաշվի են առնում Ռուսաստանի շահերը: Իսկ այդ նախագիծը տապալման է դատապարտված: Աշխարհում ոչ մի կայսրություն կենսական գոյատևման շանս չունի, և ռուսականը բացառություն չէ»:

 

Վրաստանի մասին

 

«Մենք Եվրոպայում 3-րդ չկոռումպացված պետությունն ենք՝ Դանիայից և Սլովենիայից հետո: Սակայն ես կարծում եմ, որ Վրաստանում ամենաարմատական փոփոխությունը ազգային մենթալիտետի փոփոխությունն էր: Մենք միշտ 2 խնդիր ենք մեր առջև դրել. մեծ պատիվ էր համարվում գողանալ պետությունից և գողանալ ռուսից: Սա պատմական գործոն է: Սակայն բավական էր մարդկանց տալ այն գիտակցությունը, որ սա իրենց սեփական երկիրն է, որ իրենք են տիրում այս երկրում, իրենք են այս փողոցների, այս քաղաքների տերը, և այդ քրեական մտածելակերպը հօդս ցնդեց: Մարդիկ տեսան, որ կառավարությունը դադարում է կաշառք վերցնել»:

 

«Մեր սկզբունքը ամենատաղանդավորներին և շնորհալիներին առաջ քաշելն է: Սա ցանկացած ոլորտում հաջողակ կարիերա կառուցելու գրավականը պետք է լինի»:

 

 

Նյութը պատրաստեց Հասմիկ Մուրադյանը