2013թ. հոկտեմբերի 21-ից 25-ը Կոլումբիայի Հանրապետությունում կայացավ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի 142 անդամ երկրների պատվիրակություններ:

 

Նստաշրջանի աշխատանքները ղեկավարում էին Ինտերպոլի գործադիր կոմիտեի նախագահ Միռեյ Բալեստրազին եւ Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը:

 

ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը:
Նստաշրջանի աշխատանքները նպատակաուղղված էին մի շարք կարեւորագույն հարցերի քննարկմանը, այդ թվում' Ինտերպոլի կողմից տրամադրվող միջոցների ակտիվ օգտագործմանը այնպիսի հանցատեսակների դեմ պայքարում, ինչպիսիք են երեխաների սեռական շահագործումը, ահաբեկչությունը, թրաֆիքինգը, ծովահենությունը, հրազենի ապօրինի շրջանառությունն ու փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզումը եւ այլն: Քննարկվեցին հիմնական գործոնները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել հանցավոր բռնությունների զարգացման հարցում, նաեւ այն հմտությունները եւ ռազմավարությունը, որոնք կօգնեն լավագույնս պայքարել բռնությամբ ուղեկցվող հանցավորության դեմ:

 

Նստաշրջանում քննարկվեցին նաեւ քրեական ոստիկանական միջազգային համագործակցության, անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման եւ Կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր' անդրազգային ահաբեկչության նոր խնդիրները, կազմակերպված հանցավորությունը եւ թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, տնտեսական եւ ֆինանսական հանցագործությունները, այդ թվում' դրամանենգությունը եւ կեղծարարությունը, կիբերհանցավորությունը եւ այլն:
Քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ:

 

ՀՀ պատվիրակը գործնական հարցերի շուրջ հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչների, Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ այլ երկրների, Թուրքիայի, Կիպրոսի, Դանիայի, ԱՄԷ եւ այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների եւ ոստիկանական ծառայությունների ղեկավարների հետ:

 

Գլխավոր ասամբլեայի հաջորդ'83-րդ նստաշրջանը տեղի կունենա 2014 թ. աշնանը, Մոնակոյում:

 

 

 

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ