Դատարանի կողմից դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ իրականացվող ստորագրահավաքի երկու օրվա ընթացքում մի քանի հազար ստորագրություն է հավաքել: Այն անցկացվում է ոչ միայն Երևանում, այլ նաև մի շարք մարզերի քաղաքներում ու գյուղերում: Հենց այդ պատճառով է, որ Tert.am-ի հետ զրույցում կազմակերպիչներից Տիգրան Ավանյանը չկարողացավ նշել, թե արդեն քանի ստորագրություն է հավաքվել:

 

«Դուք ինքներդ, այստեղ գտնվելով, տեսնում եք, թե ինչքան մարդ է մոտենում մեզ ամեն վայրկյան: Դա միայն վերջում հնարավոր կլինի պատասխանել»,-ասաց նա:

 

Նշենք, որ մասնակիցների մեծ մասը ոչ թե պատահական անցորդներ էին, այլ հենց այդ նպատակով Թամանյանի արձանի մոտ եկած քաղաքացիներ: Ստորագրահավաքին մասնակցելու էր եկել նաև հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ով չցանկացավ որևէ կարծիք հայտնել:

 

Դերասան Կարեն Միրիջանյանը, նշեց, որ ինքը Վարդան Պետրոսյանի ընկերն է և իրենք միասին են սովորել:

 

«Ես շատ զայրացած եմ այն վերաբերմունքից, որ կա այսօր նրա նկատմամբ: Կարծում եմ, որ ապօրինի է այդ կալանքը: Ինչ-որ լուծում պետք է լինի: Ես էլ եմ արդարարության կողմնակիցը, գիտեմ, որ Վարդանն էլ: Նա շատ կարգին մարդ է»,-ասաց նա և ավելացրեց, որ այն անօրինականությունները, որ տեղի են ունենում Վարդան Պետրոսյանի հետ, ուղիղ համեմատական են երկրում տեղի ունեցող ամեն ինչի հետ:

 

Դատարանի կողմից դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ Կասկադի տարածքում այսօր իրականացվող ստորագրահավաքի ժամանակ կազմակերպիչներին մոտեցան համալիրի անվտանգության աշխատակիցները և զգուշացրին, որ դադարեցնեն ստորագրահավաքը:

 

Կասկադի տարածքում էր նաև Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ով Tert.am-ի հետ զրույցում զարմանալի համարեց կենտրոնի տնօրինության նման պահանջը:

 

«Դուք ի՞նչ գիտեք, որ այստեղ իրար կողք նստած մեկը մյուսի գրպանը նարկոտիկ է գցում, դուք ի՞նչ գիտեք, նստա՞ծն է անմեղ, թե՞ կանգնած ստորագրահավաք անցկացնողը: Իրենք իրավունք չունեն կանգնած քաղաքացուն անհանգստացնելու»,-ասաց նա:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնից հարցը պարզաբանելու համար ներկայացան անտանգության ծառայության պետը և կենտրոնի ծրագրերի համակարգող Մարիա Հովսեփյանը: Վերջիններս նշեցին, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնին է պատկանում ոչ միայն Կասկադի ողջ համալիրը, այլ նաև հարող մայթը: Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ ներքին կանոնադրության համաձայն առհասարակ թույլ չի տրվում կենտրոնի տարածքում իրականացնել նման միջոցառումներ՝ ստորագրահավաքներ, մարդասիրական կամ բարեգործական, քաղաքական բնույթի միջոցառումներ, թռուցիկների բաժանում. որևէ միջոցառում անցկացնելու համար պետք է կենտրոնի տնօրինությունից նախապես թույլտվություն ստանալ:

 

«Քաղաքապետարանի կողմից հաստատված է, որ այս մայթից մինչև Կասկադի վերջը պատկանում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնին: Եթե ստորագրահավաքի կազմակերպիչների կողմից նամակ ուղարկվի, մեր հոգաբարձուների խորհրդի հաստատումից հետո կթույլատրվի անցկացնել այն այստեղ և տարածքում ցանկացած տեղ»,-բացատրեց նա:

 

Կենտրոնի ներկայացուցչի խոսքը վրդովմունք առաջացրեց ստորագրահավաքին ներկա հարակից շենքերի որոշ բնակիչների մոտ, ովքեր հարցրին, թե այդ դեպքում արդյո՞ք Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Կասկադում միջոցառումներ անցկացնելուց առաջ իրենցից թույլտվություն վերցնում է՝ անդորրը խանգարելու համար:

 

«Բարձր միացնում եք երաժշտություն, հաշվի չեք առնում, որ բնակելի տարածք է, որ մյուս կողմում թաղում է լինում, իսկ տանը ռոք համերգ է լսվում»,-ասաց բնակչուհին:

 

Կենտրոնի ծրագրերի պատասխանատուն ընդգծեց, որ իրենք շատ քիչ միջոցառումներ են անցկացնում՝ հունիսի 1-ին և ամիսը 3 անգամ բացօթյա պարի դասեր:

 

«Մենք բնակիչներից բողոքներ չենք ստացել: Եթե նույնիսկ ստանում ենք, մենք դա հաշվի ենք առնում»,-ասաց Մարիա Հովսեփյանը:

 

Ակցիայի կազմակերպիչներից Արա Դանիելյանը ևս զարմանալի համարեց կենտրոնի նման վերաբերմունքը և ընդգծեց, որ իրենք Կասկադի սահման չեն մտնում, լուռ ու հանգիստ անցկացնում են ստորագրահավաքը՝ ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի:

 

Ի վերջո, բացառության կարգով Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, առանց նախապես զգուշացված լինելու միջոցառման մասին, թույլ տվեց անցկացնել ստորագրահավաքը:

 

Նշենք, որ խնդրի պարզաբանումից հետո ստորագրահավաքին միացան նաև կենտրոնի անվտանգության ծառայության պետը և ծրագրերի պատասխանատու Մարիա Հովսեփյանը:

 

Վերջինս ընդգծեց, որ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, ողջունում է նախաձեռնությունը և կարծում է, որ Վարդան Պետրոսյանի նկատմամբ անարդար կերպով է կալանքը որպես խափանման միջոց ընտրվել:

 

«Մեղավոր է, թե ոչ՝ ցույց կտա դատավարությունը, բայց խափանման միջոցը որպես կալանք ընտրելը սխալ էր՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը և դեպքի մասին ամբողջական փորձաքննության արդյունքներ չունենալը»,-ասաց նա: