1915թ.-ի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը՝ թուրք լրագրող Հասան Ջեմալը, T24 կայքում հրապարակված հերթական հոդվածում ներկայացրել է իրենց ընտանիքի պատմությունից դրվագներ, պատմել, թե ինչպես է ԱՄՆ-ում հանդիպել մի հայուհու, որի պապերից խլված տանը բնակվել է Ջեմալների ընտանիքը, և թե ինչ է զգացել պապիկին սպանածներից մեկի ժառանգ Արմենին հանդիպելիս։

 

Նա կոչ է արել Թուրքիային 2015թ.-ին ընդառաջ ճանաչել Ցեղասպանությունը և ներողություն խնդրել հայերից։
Հասան Ջեմալի հոդվածը ներկայացնում ենք առանց կրճատումների։

 

«Նյու Յորք
Առավոտյան ձյուն է տեղում։

 

Անցյալ ամսվա սկզբին էլ Կարսում էինք տեսել ձյուն։ Այժմ՝ Նյու Յորքում, ձյան տակ սրճարան եմ փնտրում՝ հոդվածս գրելու համար։

 

Սուր, ծակող օդ է։

 

«Անցյակը կրկնել հնարավո՞ր է»,-պտտվում է գլխումս։

 

Բայց շարունակեմ երեկվա գրածս։
2015թ.-ին՝ 1915թ.-ի 100-ամյակին ընդառաջ, ի՞նչ կարող ենք անել...

 

Թուրքերը, հայերը...
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները...
Թուրք և հայ պետությունները....
Հայկական սփյուռքը...
Յուրաքանչյուրի պարտավորությունն ի՞նչ կարող է լինել։

 

Ջեմալ Փաշայի ընտանիքը

 

Նյու Ջերսիում անցյալ շաբաթ ազգայնականության և մտքի ազատության մասին ելույթս նոր էր վերջացել, և ինձ հարցեր էին ուղղում։

 

Հարցերից մեկը Ջեմալ Փաշայի ընտանիքին էր առնչվում։
Հետաքրքրում էր թե՛ ընտանիքի արմատները, թե՛ Օսմանյան կայսրության փլուզումից հետո նրանց կյանքը։

 

Հանրապետության ստեղծումից հետո՝ 1920-ականների կեսերին, Ջեմալ Փաշայի ընտանիքին թույլ տվեցին վերադառնալ Թուրքիա։

 

Ընտանիքը Ստամբուլի Քուրթուլուշ թաղամասում գտնվող մի տանը հաստատվեց։

 

Հայի տուն էր, որ Աթաթուրքի հրամանով Ջեմալ Փաշայի ընտանիքին էր շնորհվել։

 

Մեկ տարի առաջ լույս տեսած «1915. Հայոց ցեղասպանություն» գրքումս պատմության այս ողբերգական էջին կարճ անդրադարձ էի կատարել։
Հարցուպատասխանից հետո սկսում եմ մակագրել գիրքս։

 

Շիկահեր մի կին, ձեռքում՝ գիրքս, մոտենում է, ասում, որ անունն Աննա է, ապա ավելացնում. «Ձեր ընտանիքին տրված Քուրթուլուշի տունն իմ ընտանիքին էր պատկանում, պապերինս էր»։
Մի պահ զարմանում եմ, ապա ոտքի եմ կանգնում, սեղմում ձեռքը։ Շրջվում ու հեռանում է Աննան...
Ի՞նչ կարող էի անել։

 

Արմեն Գևորգյանին հիշեցի։

 

2008թ.-ի սեպտեմբերն էր, Երևան էինք մեկնել։
Սիրելի Հրանտ Դինքին հիշելու և նրա ցավը կիսելու համար Ցեղասպանության թանգարան եմ բարձրանում և արևածագին 3 ճերմակ մեխակ դնում հուշակոթողին։

 

Ինձ հարցնում են. «1922թ.-ին պապիկիդ Թիֆլիսում սպանած խմբի անդամներից մեկի թոռնիկի հետ կուզե՞ս ծանոթանալ»։

 

Արմեն Գևորգյանի հետ այդպես ծանոթացանք։ Երևանի Հանրապետության հրապարակի սրճարաններից մեկում նստեցինք, զրուցեցինք։ Տարօրինակ զգացում էր։

 

Ընտանիքի և պատմության միջև գիծ քաշել սովորելուց և պատմության գերին չդառնալ փորձելուց բացի ելք կա՞։ Իմ կարծիքով՝ չկար։

 

Այս հողերը ողբերգություններից «կուշտ» պետք է լինեն

 

Աննայի պապերի ունեցվածքը 1915թ.-ին Օսմանյան կայսրությունն առգրավել էր, Հանրապետությունն էլ մեր ընտանիքին էր նվիրել։

 

Չգիտեմ՝ Աննան ի՞նչ էր զգում, երբ մակագրել էր տալիս գիրքը։ Սակայն բացասական էներգետիկա չզգացի։
Նման բան չեղավ նաև իմ ու Արմենի միջև։ Անգամ վերջերս նրանից նամակ ստացա այն մասին, որ պատրաստ են գիրքս հայերեն թարգմանել և տպագրել Երևանում։

 

Կյանքն է այդպիսին...

 

Անցյալն ատելությամբ հիշելով չէ, ցավերը վառ պահելով չէ, այլ ցավերն այլևս չկրկնելու ճանապարհով քայլել փորձելով են հաղթահարվում։

 

Ճիշտը դա է։

 

Այո, այս հողերը ցավերով են խառնված։ Սակայն այդ ցավերից պետք է որ կշտացած լինեն։

 

Հայերի ցավերի հանդեպ լռությունը պետք է խախտվի։

 

Կլիշեները գիտեմ... բայց դրանք կլիշեներ են։

 

Խոսքս երկարացնել չեմ ցանկանում։

 

Նյու Ջերսիում հայերի հետ անցկացրածս երկու հրաշալի օրերի ընթացքում հասկացա՝ հայերն Անատոլիայի մարդիկ են։ Նրանց արմատներն Անատոլիայի հողերում են։

 

Նրանք, ինչպես և քրդերը, Անատոլիայում ապրել են անգամ թուրքերի այնտեղ հաստատվելուց առաջ։

 

Թուրքիայի իրականությունն այն է, որ չի ընդունում, որ հայերն էլ այս հողի մարդիկ են, և 1915թ.-ին պոկվել են այս հողերից, արմատներից, իրենց հայրենիքից, տներից։

 

Թուրքիան ո՛չ որպես պետություն, ո՛չ որպես հասարակություն 1915-1916թթ.-ին տեղի ունեցած ցավերը ո՛չ հասկացավ, ո՛չ կիսեց։

 

Թուրքիան Օսմանյան պետությունից մարդկության դեմ հանցագործությունները ժառանգելով երբեք չմտածեց, որ հայերին ներողություն է պարտք։

 

Ափսոս։

 

2015թ.-ի նախաշեմին ենք։

 

Թուրքիան՝ որպես պետություն, այլևս պարտավոր է խախտել հայերի վերապրած ցավերի հանդեպ լռությունը։ Քաղաքական ու բարոյական պատճառներով մինչ այժմ գործած սխալները պետք է շտկվեն։

 

Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի։
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն։
Այդ երկու քայլը պետք է արվի՝ առանց նախապայմանների։
Թուրքիան, որպես պետություն, հայերից ներողություն պետք է խնդրի, կամ, առնվազն, այնպիսի ժեստ անի, որը ներողության արժեք կունենա։

 

Այլ կերպ ասած՝ Թուրքիան, որպես պետություն, պետք է հանրությանն ասի, որ 1915թ.-ի ցավերը հասկանում և կիսում է։
Հայերի հանդեպ խտրական, ստորացուցիչ, կանխակալ «լեզուն» պետք է փոխվի՝ նախ պատմության դասագրքերում։

 

Քաղաքացիական հասարակության շրջանում համագործակցություն պետք է սկսվի, դրա համար համատեղ հարթակներ պետք է ձևավորվեն։

 

Երբ ես ասացի այս ամենը, Նյու Ջերսիում իմ ելույթը լսող հայ մտավորականներից այս մեսիջը ստացա. «Թուրքիայում պետությունը որքա՞ն է փոխվել։ Իրականում, առնվազն ձեր ասածներն անելու չափ փոփոխության ենթարկվե՞լ է»։

 

Այս հարցը Թայիփ Էրդողանի աշխատակիցներն իրենք իրենց պետք է հարցնեն և մտածեն։

 

1915թ.-ի շեմին ենք։

 

Հարցն այսպես էլ կարող է տրվել.«Թայիփ Էրդողանը շարունակելո՞ւ է ամեն անգամ իթթիհաթականի և քեմալականի վերածվել, երբ խոսքը 1915թ.-ի Հայկական հարցին գա»...
Մտածելու տեղիք է տալիս»։