Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, «Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում «Արցախբանկի»' Սայաթ-Նովա փողոցում գտնվող Նաիրիի մասնաճյուղի դիմաց:
Բնակիչների ներկայացուցիչներին ընդունել էր բանկի մասնաճյուղի ղեկավար կազմը: Վերջիններիս ղեկավար կազմի հետ քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհները և առաջարկել են երեք տարբերակ, որոնց միջոցով հնարավոր է գնալ կոմպրոմիսի:
Առաջին տարբերակով, բնակիչնրը պատրաստակամ են վճարել բնակարանի համար արդեն իսկ վճարված գումարից ավելին' քառակուսի մետրի համար 50 դոլար:
Երկրորդ տարբերակ. բնակիչներն առաջարկում են բանկին քառակուսի մետրը 850 դոլարով գնել բնակարանների սեփականության իրավունքը:
Երրորդ տարբերակ. բնակիչներն առաջարկում են բանկին իրենց վերադարձնել տարիներ շարունակ բնակարանների համար վճարված գումարը, այդ թվում նաև պահանջում են տարեկան 10 տոկոս փոխհատուցում «կորցրած տարիների» համար, քանի որ բնակիչների հետ կնքված պայմանագրերում նշված են շենքի վերջնական հանձնման տարբեր տարեթվեր:
Բանկը խոստացել է բնակարանատերերին պատասխանել մինչև մյուս շաբաթվա վերջ:
Հիշեցնենք, որ շինարարական ընկերությունը պատկանում էր ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանին:
Քաղաքացիները պահանջում են իրենց տրամադրել օրինական ճանապարհով «Տոնուս» ՍՊԸ-ից ձեռք բերած բնակարանները։ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն վերջերս բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։