Նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Հովհաննես Բաղրամյանը ծնվել է 1897 դեկտեմբերի 2-ին, հայ երկաթուղային բանվորի ընտանիքում՝ Չարդախլու գյուղում՝ Ռուսական Կայսրության Ելիզավետպոլի (հայկական Գանձակ /ադրբեջաներեն՝ Գյանջա/ (հետագայում՝ Կիրովաբադ) նահանգում՝ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության) տարածքում։ Նույն գյուղում է ծնվել Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը՝ ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը:

 

1915 թվականին Հովհաննես Բաղրամյանը կամավոր ընդգրկվեց Ռուսաստանի բանակում՝ 2-րդ Կովկասյան սահմանային գնդում՝ Ռուսաստանի էքսպեդիցիոն կորպուսի կազմում, և Առաջին համաշխարհային պատերազմի մեծ մասը կռվեց Կովկասյան ճակատում՝ Օսմանյան Կայսրության դեմ:

 

Զորացրվեց 1917 թվականին և 1920 թվականին մտավ Կարմիր բանակ. մասնակցեց Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Հայկական բանակի կազմում մասնակցել է 1918 թվականի Սարիղամիշի և Կարսի տարածքում թուրքերի դեմ կռիվներին, ինչպես նաև Սարդարապատի հերոսամարտին:

 

1943 թ-ի նոյեմբերի 19-ից, որպես 1-ին մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Բելոռուսական ռազմական գործողություններին, Գորոդոկի, Վիտեբսկի, Պոլոցկի ազատագրմանը, 1944 թ-ին Մերձբալթիկայում մղված մարտերին, սեպտեմբերին մոտեցել է Ռիգային: Մեմելի (այժմ' Կլայպեդա) մոտ դուրս գալով Բալթիկ ծովի ափ՝ հնարամիտ գործողությամբ ջախջախել է թշնամու Կուռլանդական խմբավորումը (38 հետևակային և տանկային դիվիզիաներ): Բաղրամյանի ղեկավարած այդ ռազմագործողությունն ուսուցանվում է զինվորական ակադեմիաներում՝ որպես ռազմաճակատի զորքերը մի ուղղությունից մեկ այլ ուղղություն անցնելիս վերախմբավորվելու և հաղթանակ ապահովելու օրինակ:

 

1-ին մերձբալթյան ռազմաճակատի լուծարումից հետո բանակի գեներալ Բաղրամյանը գլխավորել է Զեմլանդական զորախումբը (3-րդ բելոռուսական ռազմաճակատի կազմում): Նրա հրամանատարությամբ զորքերը վերացրել են հակառակորդի՝ Արևելյան Պրուսիայի խմբավորումը և 1945 թ-ի ապրիլի 6–10-ը գրավել դրա կենտրոն Քյոնիգսբերգ ամրոց-քաղաքը (1946 թ-ից՝ Կալինինգրադ): Ապա նշանակվել է 3-րդ բելոռուսական ռազմաճակատի հրամանատար, իրականացրել ֆաշիստական զորքերի վերջնական ջախջախումը Արևելյան Պրուսիայում:

 

Պատերազմից հետո՝ 1945–54 թթ-ին, Բաղրամյանը եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատար, 1954 թ-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ, պաշտպանության նախարարի տեղակալ, 1956–58 թթ-ին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ, 1959 թ-ից՝ ԽՍՀՄ զինված ուժերի թիկունքի պետ, 1968 թ-ից՝ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր ռազմական տեսուչ և տեսուչների խմբի ղեկավար:

 

Գրել է ռազմագիտական աշխատություններ և հուշագրություններ ու հոդվածներ (թարգմանվել են գերմաներեն, հայերեն, լեհերեն, ռումիներեն, հունգարերեն), խմբագրել ռազմագիտական ուսումնասիրություններ ու դասագրքեր: Նրա գործունեության մասին գրվել են գրքեր: