Արդեն տևական ժամանակ է' փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, վարորդները օգտվում են շրջանցիկ ճանապարհից, որը տեղ-տեղ քարուքանդ է և վտանգավոր, հատկապես' ձմռանը:
Լուրեր.com-ը զրուցեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի հետ' ճշտելու, թե երբ կբացվի միջպետական ճանապարհը, և արդյո՞ք շրջանցիկ ճանապարհը պատշաճ մաքրված է:
Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջպետական ճանապարհն անվտանգության առումներով մինչև օրս փակ է: Թե երբ կբացեն, գյուղապետն ասաց, որ դեռ ժամանակ նշել չի կարող, անորոշ է:
«Ճանապարհը փակ է անվտանգության նկատառումներով: Այս պահին գյուղի վրա կրակոցներ չկան, ամեն ինչ խաղաղ է, անգամ' Բաղանիսի այգիները, որոնք գտնվում են փակ տարածքում, գյուղացիները կարողանում են գնալ և հանգիստ աշխատել»,- ասաց Սահակյանը և հավելեց, որ գյուղացիներն օգտվում են շրջանցիկ ճանապահից, որը փակվել էր մեկ անգամ' եղանակային պայմանների պատճառով, ինչից հետո Նոյեմբերյանի ճանապարհաշինարարական ընկերությունը եկել է, աղ ցանել, մաքրել, և ճանապարհը բացվել է:
Հիշեցնենք, որ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածը փակ է դեռևս նոյեմբերի սկզբից: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ ճանապարհը փակելու համար ասել էր. «Ճանապարհի այդ հատվածը փակ է, սակայն միայն այն պատճառով, որ անվտանգությունն ամրապնդելու աշխատանքներ են ընթանում, որևէ այլ պատճառ չկա»։