Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած շտապբուժօգնության բժիշկ Արմեն Մկրտչյանի վիճակի և նրա բուժման հետ կապված լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առթիվ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը պարզաբանում է.

 

«Իմ և «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի' նրան այցելելուց հետո առողջապահության նախարարությունը կազմակերպել է գլխավոր մասնագետների կոնսիլիումներ, խորհրդատվություններ ու քննարկումներ, իրականացվել են մի շարք հետազոտություններ։ Ավելին' նրա առողջական վիճակի հետ կապված բանավոր խորհրդատվություն ենք ստացել գերմանական առաջատար մեկ կլինիկայից և գրավոր պատասխանի ենք սպասում մեկ այլ կլինիկայի մասնագետների կողմից։ Մենք երբևէ պատշաճ չենք համարել որևէ մեկի առողջական վիճակի կամ իրականացված միջամտությունների մասին տեղեկատվություն և հատկապես մանրամասներ տարածելը' ելնելով մի կողմից անձի իրավունքների պաշտպանության օրենսադրական պահանջից, մյուս կողմից' հենց հիվանդի մարդկային արժանապատվությունը չվիրավորելու զգուշավորությունից։ Պետք է ասեմ, որ դժբախտ պատահարի արդյունքում ստացած բազմակի վնասվածքների, ինչպես նաև արդեն կատարված վիրահատությունների արդյունքում բժիշկ Արմեն Մկրտչյանի մոտ դժվար լուծելի, բավական թանկ և երկարատև բուժում պահանջող խնդիր է առաջացել։ Ինքը, լինելով բժիշկ, պետք է որ լավ պատկերացնի այդ ամենը։ Ցավոք, նախարարությունն արտասահմանում բուժման ֆինանսական միջոցներ չունի և երբևիցե չի ունեցել։ Մենք Ա. Մկրտչյանին ոչ թե խոստացել ենք նրա բուժումն արտասահմանում կազմակերպել, այլ ապահովել անվճար խորհրդատվությունը։ Նախարարությունը կշարունակի աշխատանքներ տանել մեր երկրում առկա հնարավորությունների սահմաններում նրա առողջական վիճակի գնահատման և բուժման կազմակերպման ուղղությամբ»։