Ադրբեջանը վտանգավոր է ամբողջ Հարավային Կովկասի համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը' մեկնաբանելով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը:
Ի թիվս այլ բաների Ալիեւը հայտարարել է. «Եթե նրանք ուզում են, որ նրանք, ովքեր հիմա բնակվում են Լեռնային Ղարաբաղում, հետագայում էլ ապրեն խաղաղության եւ անվտանգության մեջ, նրանց հարկավոր է սկսել կենտրոնացված ուժերի դուրսբերումը մեր երկրից»։
Ինչպես նշել է Դավիթ Բաբայանը, այդ հայտարարությունն իրականությունից կտրվելու եւ իրադրությունը չընկալելու հերթական արտահայտումն է։ «Կարծում եմ՝ սա ադրբեջանական ժողովրդի ամենամեծ ողբերգությունն է. այդ երկրի իշխանություններն ապրում են անցյալով։ Ադրբեջանը պարբերաբար վերածվում է ավելի ու ավելի հոգեպես անհավասարակշիռ սուբյեկտի՝ լուրջ վտանգ ստեղծելով ամբողջ Հարավային Կովկասի համար»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։
Ղարաբաղի կառավարության մամուլի քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի նման հայտարարությունները հանդիսանում են ֆաշիզմի եւ հայերի հանդեպ ունեցած ատելության հերթական դրսեւորումը։ Բացի այդ, Ադրբեջանում եւս նշանակված են ընտրություններ եւ Ալիեւ Կրտսերի հռետորության ակտիվացումը պայմանավորվում է հենց այս իրավիճակով։ «Աստված գիտի՝ որտեղ են կանգնեցվել Հեյդար Ալիեւի հուշարձանները։
Իսկ Ադրբեջանից դուրս ո՞վ է ճանաչում Հեյդար Ալիեւին։ Ղեկավար մարմինները շարունակում են թալանել ժողովրդին, իսկ այդ հուշարձանները փողերը լվանալու համար են։Ադրբեջանի հասրակության մեծ մասը վաղուց արդեն անցել են Ռուսաստան եւ Ուկրաինա եւ այդ դաշտում Բաքվում ցանկանում են ուշադրություն շեղել՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հասցեին հնչեցրած վիրավորանքներով»,- ամփոփել է Դավիթ Բաբայանը։