Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Ռուսաստանը 15 մլրդ դոլարի ներդրումներ է կատարում Ուկրաինայի արժեթղթերի շուկայում, այդ թվում' 3 մլրդ դոլարով գնում է երկու տարի միջազգային շուկայում գտնվող' Ուկրաինայի կառավարության թողարկած պետական պարտատոմսերը: Ռուսաստանը նաև իջեցրել է Ուկրաինա մատակարարվող գազի սակագինը' նախկին 1000խմ-ի դիմաց 406 դոլարի փոխարեն սահմանելով 268.5 դոլար, այսինքն' գրեթե 30 տոկոսով էժան. դրա հետ կապված' հենց Յանուկովիչի այցի շրջանակում համապատասխան պայմանագիր է կնքվել ռուսական «Գազպրոմ» և ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունների միջև: Այսինքն' խոսքը ոչ թե Մոսկվայի կողմից տրված խոստումների մասին է, այլ իրականացվող ռեալ գործարքի: Գրում է Yerkir.am-ը:

 

Այսպիսով' Ուկրաինայի իշխանությունը կատարեց իր ընտրությունը' շարժվում է դեպի ռուսական ուղեծիր, ինչը գրեթե չեզոքացնում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը գոնե տեսանելի հեռանկարի կտրվածքով ստորագրելու հնարավորությունը: Յանուկովիչի վարչակազմը Ուկրաինան փաստացի դարձրեց աճուրդի առարկա' իր համար մրցակցող կողմերին' Արևմուտքին և Ռուսաստանին անուղղակի կերպով հասկացնելով' կբռնի նրա ձեռքը, ով ավելի շատ փող կտա, ինչը մեծ մասամբ անհրաժեշտ էր Ուկրաինայի' նախակաթվածային վիճակում գտնվող տնտեսությունը փլուզումից փրկելու համար: Աճուրդում հաղթեց Ռուսաստանը, որը, ի տարբերություն Բրյուսելի, որը Կիևին կերակրում էր խոստումներով, առաջարկեց կոնկրետ գործարք:

 

Չի կարելի բացառել, որ Ուկրաինայի իշխանությունն ի սկզբանե էր կայացրել Ռուսաստանի գիրկն անցնելու քաղաքական որոշումը' համարելով, որ այլընտրանք չունի, որ հակառակն անելու դեպքում Ուկրաինայի տնտեսական և սոցիալական համակարգը կոչնչանա, ինչն իր հետևից անխուսափելիորեն կհանգեցնի Ռեգիոնների կուսակցության և Յանուկովիչի իշխանության կորստին: Եթե այդպես է, ապա Մոսկվայում կայացած այս գործարքից արդեն պարզ է դառնում, որ Կիևը պարզապես խնդիր էր դրել «ինքնավաճառվել» ոչ թե այն գնով, ինչ առաջարկում էր Մոսկվան սկզբում, այլ այն գնով, որը ինքն է որոշում, որպեսզի կատարած ընտրության դիմաց Ռուսաստանից, իբրև փոխհատուցում, ստանա առավելագույնը:

 

Եվ ահա այստեղ է, որ Մայդանի գործոնը դառնում է առանցքային: Հենց այդ հրապարակում գրեթե մեկ ամիս շարունակվող պերմանենտ հանրահավաքները, ցույցերը, «Բերկուտի» հետ պարբերաբար բախումները, հրապարակը չլքելու զանգվածների աննկուն կամքը բարձրացրին Ուկրաինայի գինը Ռուսաստանի աչքում: Ուկրաինացիների ցույց տված ատամը ստիպեց Ռուսաստանին համաձայնել խաղալ ոչ թե իր, այլ հենց Կիևի թելադրած խաղի կանոններով: Տվյալ դեպքում արդեն ոչ մի նշանակություն չունի' որքանո՞վ էր Եվրամայդանը կազմակերպված Ուկրաինայի իշխանությունների կողմից, կամ, ընդհանրապես, դրա հետ իշխանությունները կապ ունեի՞ն, թե՞ ոչ: Այդ հարցի պատասխանը կստացվի առաջիկայում, երբ պարզ կլինի, թե ինչ ազդեցություն ունեցավ ռուս-ուկրաինական գազային գործարքը Մայդանի պայքարի վրա: Համենայն դեպս այն հանգամանքը, որ հրապարակից իշխանություններին պահանջ է ներկայացվում գազի գինը նույն չափով' 30 տոկոսով նվազեցնել նաև շարքային սպառողների համար, ցույց է տալիս, որ այսպիսի ելքը կարող է բավարարել ընդդիմությանը' դուրս գալու ստեղծված ճգնաժամային իրավիճակից:

 

Մյուս կողմից' եթե Ուկրաինայի ընտրությունն իսկապես վերջնական է, և ինքնավաճառվելու ակտն ավարտված է, ապա Յանուկովիչն արդեն կարող է իրեն իրավունք վերապահել Մոսկվայի աջակցությամբ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել Մայդանը ցրելու համար: Բայց էականը տվյալ դեպքում ոչ այնքան դա է, որքան այն, թե Ուկրաինայի կառավարությունն ինչպես կարողացավ հանրային ըմբոստությունը, Եվրամայդանը վերածել դիվանագիտական հզոր զենքի և դրա միջոցով հսկայական դիվիդենդներ բերել երկրին: Եվ հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչով էր պայմանավորված կառավարության ոչ թե լոյալ, այլ կարելի է ասել' ինչ-որ իմաստով հոգատար վերաբերմունքը Եվրամայդանի նկատմամբ: Որքան տպավորիչ լինեին հրապարակում կատարվող իրադարձությունները և ուկրաինացիների պայքարի ոգին, այնքան ավելի մեծ էր լինելու Ռուսաստանից զիջումների շրջանակը: Ինչ-որ առումով Ուկրաինայի իշխանությունները Եվրամայդանը դարձրին հզոր PR ակցիա, որը առավել քան արդյունավետ աշխատեց:

 

Ուկրաինան իսկական դաս տվեց Հայաստանի իշխանություններին' փաստացի ընդգծելով, թե որքան անգրագետ ու խեղճուկրակ էր Երևանի դիվանագիտությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ուկրաինան, կարելի է ասել, ջրի երես հանեց այս ուղղությամբ Հայաստանի դիվանագիտության բացարձակ բացակայության իրողությունը, երբ ինքնահանձնվելու դիմաց գոնե արժանապատիվ փոխհատուցում ստանալու խնդիրը չկարողացան լուծել: Ուկրաինայի կառավարությունը ցույց տվեց, թե ինչպես կարելի է ու ինչպես պետք է հանրային կարծիքը, դիմադրողականությունը վերածել դիվանագիտական արժեքի այն դեպքում, երբ ընտրություն, կարծես, չունես: Մինչդեռ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան այնքան խելամիտ ու խորամանկ գտնվել, որ արհեստականորեն ընդվզման ալիք բարձրացնեն, ինչը միանգամայն հնարավոր էր' գոնե հասարակական մակարդակով բողոք արտահայտել ռուսական գաղութացման քաղաքականության հանդեպ, այլ կերպ ասած' գոնե արհեստականորեն թանկացնել սեփական արժեքը, այլև անհիմն ու անհեթեթ պատճառաբանություններով բերման ենթարկեցին այն մի քանի տասնյակ ակտիվիստներին, ովքեր համարձակվել էին ակցիա կազմակերպել Պուտինի այցի դեմ, այն է'լ անկախության ու ինքնիշխանության մասին լոզունգնելով: Այն դեպքում, երբ Կիևն ընտրեց ատամ ցույց տալու տարբերակը, Երևանը' Պուտինին ամեն կերպ հաճոյանալու: Արդյունքում' Ուկրաինան ստանում է ռուսական կապիտալով իր տնտեսությունը փրկելու հնարավորություն, իսկ Հայաստանն ընդամենը 5 տարի կայուն գնով գազ ստանալու դիմաց 40 տարով «Հայռուսգազարդի» սահմանած հարկային ու մաքսային քաղաքականությունն իրականացնելու' ուղղակի ամոթալի պարտավորվածություն, որը, ի դեպ, ստանձնում է' Սահմանադրության ոտնահարմամբ: Հայաստանը զրկվում է իր էներգետիկ ենթակառուցվածքներից ու դրանք կառավարելու իրավունքից, իսկ Ուկրաինան վերահաստատում է ռուսական գազի արտահանման' իր բացառիկ նշանակությունը և Մոսկվայի համար դառնում իրավահավասար գործընկեր: Արդյունքում' Պուտինը Յանուկովիչին ընդունում է Կրեմլում' որպես ինքնիշխան երկրի նախագահի, մինչդեռ պետական այցը Հայաստան սկսում է ոչ թե Հայաստանի մայրաքաղաքից, այլ սեփական ռազմաբազայի տարածքից: Տխուր է, իհարկե, բայց փաստ է...

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ