ԱՄՆ արեւելյան ափում անց կացվեցին Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ: Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարում եւ մյուս եկեղեցիներում մատուցվեցին հոգեհանգստի պատարագներ: Հ.Բ.Ը.Մ-ը Նյու Յորքի Կարնեգի համերգային սրահում իր ամենամյա համերգը նվիրել էր 1988-ի ավերիչ աղետի զոհերի հիշատակին: Միջոցառումներին մասնակցեց Հ.Բ.Ը.Մ. նախագահը, ՄԱԿ-ում ՀՀ դիվանագիտական կազմը, օտարերկրյա հյուրեր ու հայ համայնքի ներկայացուցիչներ:
Բոստոնի Սուրբ Երրորդության առաքելական եկեղեցում տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում հոգեւոր ու դասական երաժշտության կատարումներով հանդես եկան «Երեւան» երգչախումբը եւ նվագախումբը Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի մենակատարների մասնակցությամբ եւ կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի ղեկավարությամբ:
Համերգի ընթացքում ուղերձներով հանդես եկան Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ ՄԱԿ-ոււմ Հայաստանի մշտական ներակայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ անկարելի է մոռանալ ինչպես պետությունների, այնպես էլ սփյուռքահայ կառույցների ու անհատների մարդասիրական օժանդակությունը, բարեգործությունները, որոնց շնորհիվ հնարավոր եղավ աղետին հաջորդած օրերին ու տարիներին մեղմել հայ ժողովրդին բաժին հասած արհավիրքի հետեւանքները: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի կողքին մշտապես գտնվելու ու նրա հոգսերը թոթափելու ուղղությամբ անցնող 25 տարիների ընթացքում գործադրած ջանքերի համար՝ դեսպան Նազարյանը խոսեց աղետից տուժած քաղաքներում ու շրջաններում կատարված լայնածավալ աշխատանքի մասին: