90-ականների սկզբին մշակվում էին որոշակի պայմաններ Թուրքիա-Իրան-Ռուսաստան աշխարհքաղաքական «եռանկյունու» շրջանակներում ուժերի եւ կառավարման հավասարակշռությունը պահպանելու համար: Այս կառուցվածքի շրջանակներում հույս կար խուսափել տվյալ պետություններից որեւէ մեկի ավելորդ ազդեցությունից հարակից տարածաշրջաններում՝ Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Կասպից ծովում եւ Մերձավոր Արեւելքում: Կայացե՞լ է արդյոք այդ հայեցակարգը եւ որո՞նք են արդյունքները:
Նման նպատակներ ուներ նաեւ Ռուսաստանը, որը փորձում էր օգտվել Թուրքիայի ու Իրանի միջեւ, ինչպես նաեւ ԱՄՆ եւ Արեւմտյան հանրության հետ ունեցած իր հակասություններից: Ինչ որ պահի այս «եռանկյունու» ներքին եւ արտաքին խնդիրներից կարողացան օգտվել համաշխարհային առանց բացառության բոլոր ուժային կենտրոնները: Ռուսաստանն ունեցավ տնտեսական ու քաղաքական օգուտներ, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ թշնամանքի պայմաններում: Ընդ որում, Ռուսաստանը միշտ փորձում էր թույլ չտալ «եռանկյունու» մյուս պետությունների հետ իր կարգավիճակի հավասարեցումը, ընդգծելով իր առավելությունը Թուրքիայի ու Իրանի հանդեպ, ինչը նյարդայնացնում էր այս պետություններին:
Զենքի մատակարարման մասով Իրանի ազգային անվտանգությանը հասցված հարվածների պատմական երկու փուլերին Ռուսաստանի մասնակցությունը առիթ է դարձել Թեհրանի վերջնական եզրահանգմանն առ այն, որ Ռուսաստանը հուսալի գործընկեր չէ: Խոսքը Գոր-Չեռնոմիրդին պայմանագրի եւ S-300 համակարգերի մատակարարումը մերժելու Մեդվեդեւ-Պուտին որոշման մասին է:
Դրանով Ռուսաստանը որեւէ էական բան չստացավ ԱՄՆ հետ հարաբերություններում, չխոսելով արդեն «մեծ քաղաքականության» մեջ որեւէ զիջումների մասին: Փոխարենը, Իրանի հանդեպ նման քայլերով Ռուսաստանը չկարողացավ կանխել հակահրթիռային համակարգերի տեղակայումը, որը համարում է սպառնալիք իր ազգային անվտանգությանը: Ընդ որում, նրան անուղղակի հասկացնել տվեցին, որ դա Իրանին որոշակի նյութերի մատակարարման պատասխանն է:
Դա «մեծ տերության» քաղաքականություն վարելու Ռուսաստանի փորձերի արդյունքն է, այն դեպքում, երբ Ռուսաստանը «մեծ տերություն չէ»: Ինչ որ առումով, նման արդյունքներ են գրանցվել նաեւ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում: Ի տարբերություն, օրինակ, Իրանի, որը հոռետեսորեն էր նայում ԱՄՆ-ից Թուրքիայի ու Իսրայելի հեռացմանը, Ռուսաստանը ոգեւորությամբ է ընդունել նման հեռանկարը: Իրականում տեղի ունեցավ այն, ինչը սպասում էին Արեւմուտքի ու Մերձավոր Արեւելքի փորձագետները: Թուրքիան, գերադասելով ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վատթարացումը, ամենեւին մտադրություն չուներ Ռուսաստանին ավելի մեծ նշանակություն տալ:
Ռուսաստանը փորձում էր վարել «հավասարակշռելու» քաղաքականություն Արեւմուտքի եւ իր վաղեմի հակագործընկերների միջեւ, ինչն ավարտվեց տարբեր ուղղություններով տարածաշրջանային քաղաքականության տապալմամբ, այդ թվում առաջնահերթ տարածաշրջանում՝ Մերձավոր Արեւելքում:
Այս «եռանկյունու» պայմանները Ռուսաստանի համար բավական բարդ են եւ ուժից վեր, քանի որ նրա ներկայիս հնարավորությունները սահմանափակ են, ինչպես նաեւ կա տեղի ունեցող իրադարձությունների ընկալման բացակայություն: Դիտարկումները հուշում են, որ Ռուսաստանը դժվարությամբ է ընկալում եւ արձագանքում անսպասելի իրադարձություններին եւ գերադասում է աշխատել ավելի ստացիոնար իրավիճակներում: Դա հատուկ է խոշոր պետություններից շատերին, եւ նրանցից քչերն են «կտրուկ շրջադարձերը» դիտարկում որպես արտաքին քաղաքական տեխնոլոգիաների տարրեր:
Ներկայում խոսք չի կարող լինել Թուրքիայի ու Իրանի հետ Ռուսաստանի քաղաքականության համակարգման մասին, նույնիսկ Հարավային Կովկասի խնդիրների շուրջ: Տեղի են ունենում խորհրդակցություններ տարբեր տեղային խնդիրների շուրջ, որոնք այս երկրները փորձում են ներկայացնել որպես կարեւոր ու ռազմավարական:
Ռուսաստանը գտնում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցելու իր քաղաքականության ռեզերվում մնում է ղարաբաղյան թեման, հնարավոր է առավել լայն՝ հայկական հարցերը: Այս ուղղությամբ ցանկացած անորոշություն գրգռում է ռուսներին, ինչը չեն ցանկանում ցույց տալ, քանի որ ղարաբաղյան թեմայով Ռուսաստանի սկզբունքային տապալումները ցուցադրում են Հարավային Կովկասում նրա քաղաքականության անգործունակությունը:
Ներկայում, երբ Ռուսաստանն իրականացնում է Հայաստանի վասալացումը, նրան սկսել է թվալ, որ մոտեցել է երանելի նպատակին՝ միանձնյա լուծել ղարաբաղյան հարցը, դրանով ցույց տալով տարածաշրջանում իր առաջնահերթությունները հաստատելու ընդունակությունը:
ԱՄՆ-ն Հարավային Կովկասում իր խնդիրները հիմնականում իրականացված է համարում, այն իմաստով, որ հասել է ուժերի իր համար բարենպաստ դասավորության, երբ «եռանկյունու» հայեցակարգն ընդհանուր առմամբ կայացել է: Սակայն դա հնարավոր է դարձել պետություններից մեկի հետ առավել պրիվատ հարաբերությունների առկայությամբ: Օբամայի վարչակազմի իշխանության անցնելուց հետո Ռուսաստանն ուներ բոլոր հնարավորությունները նման պետության դերում հայտնվելու համար: Սակայն Մոսկվան չգնաց դրան, քանի որ դա կնշանակեր նույն շարքում լինել Թուրքիայի ու Իրանի հետ:
ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները կայուն-լարվածից տրանսֆորմացվում են թշնամականի, եւ հիմքեր չկան պնդելու, թե ամերիկացիները գիտեն ինչպես փոխել այդ հարաբերությունների ոճն ու բովանդակությունը:
ԱՄՆ նպատակների համար այս «եռանկյունու» շրջանակներում ամենաընդունելի գործընկերը մնում է Իրանը, որն այս երեքից միակն է, որ շահագրգռված է ԱՄՆ հետ հարաբերությունները զարգացնելու մեջ: ԱՄՆ եւ Իրանի հարաբերությունների զարգացման հետ են կապվում երկարաժամկետ նպատակները Մերձավոր Արեւելքում, Կովկասում, Կենտրոնական եւ Հարավային Ասիայում:
«Եռանկյունու» իրականացումը մոտենում է, սակայն անկանխատեսելի ուղղությամբ:
Աշխարհքաղաքական նոր կոնֆիգուրացիայի հաջողությունն ամրապնդելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ են նոր գործընկերներ, ավելի ճիշտ՝ գործընկերների նոր դասավորություն, ելնելով քաղաքական եւ աշխարհքաղաքական խնդիրներից: Խոշոր խնդիրներ են ծագում Մերձավոր Արեւելքում, որտեղ ֆինանսապես ապահովված երկրները ստեղծում են հակաամերիկյան ռազմական բլոկ, ինչը ներկայում կարող է տարօրինակ թվալ: Ժամանակի ընթացքում այս բլոկը, որը կարող է համալրվել սուննի այլ պետություններով, կստանա հակաամերիկյան-հակաիրանական ուղղվածություն:
Ներկայում Հարավային Կովկասը ամերիկա-իրանական քաղաքական առաջնահերթությունների մեջ տեղ չունի, սակայն այս ուղղությունն այսպես թե այնպես կարեւոր տեղ է զբաղեցնելու ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մեջ: Եկել է ապագայի առավել առարկայական գնահատականների եւ նոր դիրքորոշումների ու շահերի հետ կապված նոր ռիսկերի ու սպառնալիքների, ինչպես նաեւ ուժերի նոր դասավորության ընկալման ժամանակը:
Հարավային Կովկասում ո՞վ կդառնա ԱՄՆ-Իրան դաշինքի գործընկերը: Ընդ որում, չի հաջողվի երկար ժամանակ ձեւացնել, թե գործընկերությունն առանց հայտարարությունների էլ ինքնին ենթադրվող բան է: Կառաջանան նոր մարտահրավերներ, եւ հարկ է պատրաստ լինել պատասխանելու, հատկապես՝ Հայաստանին, եթե չի ցանկանում հետագա վասալացում: Նրանք, ովքեր պնդում են, թե Եվրոպան հեռու է, չեն կարող չխոստովանել, որ իրադարձությունները եկել են մեր տարածաշրջան:
Արդյոք «եռանկյունին» կդառնա «բազմանկյուն»՝ կախված է ոչ մեծ, սակայն բավարար հավակնոտ պետություններից:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ