Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի դեմ ծրագրված է եղել իրականացնել մահափորձ, երբ նա 2013-ի դեկտմեբերի 13-ին մեկնում էր Հունաստան: Այդ մասին հայտնի է դարձել Աթենքում հրատարակվող «Parapolitika» թերթից: Աղբյուրը տեղեկացնում է, որ հունական հատուկ ծառայությունների ձեռնարկած օպերացիայի արդյունքում կանխվել է մահափորձը:

 

Անվտանգության օպերացիան սկսվել է Դավութօղլուի ժամանումից դեռ 4 օր առաջ և տևել մինչև նրա հեռանալը: Վտանգն այնքան լուրջ է եղել, որ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն անձամբ է հետևել օպերացիայի ընթացքին' հետաձգելով իր բոլոր աշխատանքային հանդիպումները:

 

Դավութօղլուի սպանության կազմակերպման մասին անվտանգության մարմիններին հայտնել է 2013-ի օգոստոսին ձերբակալված անձանցից մեկը: Ըստ վերջինիս' սպանությունը ծրագրել էր իրականացնել քրդական «DHKP-C» կազմակերպությունը, որը ահաբեկչական է ճանաչվել Թուրքիայում, Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում:

 

Հունական հատուկ ծառայությունները մինչև Դավութօղլուի ժամանումը հասցնում են ձերբակալել մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող երկու անձանց, որոնց թեև չեն կալանավորում, բայց մինչև Դավութօղլուի հեռանալը պահում են մեկուսարանում: Իսկ այնուհետև արտաքսում են երրորդ երկիր:

 

Թուրքական «Հաբերվաքթիմ» կայքը ընդգծում է, որ Աթենքում գտնվող թուրքական պատվիրակությունը չի իրազեկվել մահափորձի կազմակերպման և դրա կանխմանն ուղղված օպերացիայի մասին:

 

Նշենք, որ DHKP-C-ն (Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն -ճակատը) ունի ձախամետ հայացքներ: Ստեղծվել է 1994թ. սոցիալիստական հեղափոխական խմբավորումների հիման վրա: Որոշակի տարաձայնություն ունի «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ այն մասով, որ վերջինս Աբդուլլահ Օջալանի բանտարկությունից հետո հրաժարվել է անկախության գաղափարից, առաջնահերթ է համարում քրդերի ազգային ու մշակութային իրավունքների համար պայքարը և բանակցություններ է վարում թուրքական իշխանությունների հետ:

 

Հիշեցնենք, որ DHKP-C-ն 2013-ի փետրվարին էլ մահափորձ էր ծրագրել իրականացնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, սակայն անվտանգության մարմիններին հաջողվել էր կանխել մահափորձը և ձերբակալել կազմակերպության 6 անդամների:

 

 

 

«Փաստինֆո»