Ստորև ներկայացնում ենք «Սինջար եզդիների ազգային միավորում» հկ-ի հաղորդագրութունը.

 

Օրերս Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում եզդիական գերեզմանատան հետ տեղի ունեցածը բազմաթիվ շահարկումների առիթ տվեց: Կարելի էր չանդրադառնալ այդ շահարկումներին, եթե չտեսնեինք, թե ինչպիսի ճղճիմ քարոզչական քայլեր են փորձում անել ադրբեջանական լրատվամիջոցները' հիմնվելով այդ շահարկումների վրա:

 

Անդրադառնալով ադրբեջանական որոշ լրատվամիջոցների շահարկումներին' պետք է արձանագրել, որ այն արդեն իսկ անցել է քարոզչության սահմանը և արդեն զզվելի է դարձել հասարակ մարդու համար: Ուզում ենք մեր հարևանները վերջապես հասկանան, որ Հայաստանի Հանրապետության սահմաններում չկա էթնիկ կամ ազգային խնդիր և եզդիները այստեղ ապրում են այնպես ինչպես կապրեին իրենց տանը: Հակառակ ադրբեջանական փորձերի, հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը ավելի է խորանում և այս գործընթացը շարունակվում է նաև երիտասարդ եզդիների և հայերի շրջանում: Մենք' եզդիներս, Հայաստանի Հանրապետությունում լիարժեք քաղաքացիներ ենք' ի տարբերություն Ադրբեջանում ապրող ազերի կամ թալիշների: Եզդիներին Հայաստանում չեն հետապնդում իրենց ազգային կամ կրոնական պատկանելության համար:

 

Հայաստանի եզդիաբնակ գյուղերում դասավանդվում է եզդիերեն լեզու և գրականությունը, ինչը գալիս է ապացուցելու, որ մենք ապրելով հայերի պատմական հայրենիքում մեզ օտար չենք զգում: Գոնե ադրբեջանցիները համոզվել են այն բանում, որ հայերն ու եզդիները անբաժան եղբայրներ են' խնդրում ենք հիշեք ղարաբաղյան պատերազմը, որտեղ մենք կանգնած էինք մեր հայ եղբայրների կողքին' պաշտպանելու Հայաստանի սահմանները թշնամու ներխուժումից: Ուզում ենք նաև տեղեկանաք, որ ձեր դեմ պատերազմում մասնակցել են հինգ հարյուր եզդիներ, որոնցից քառասունը ընկել են հերոսի մահով:

 

Հիմա էլ Հայաստանում բնակվող եզդիները, այդ թվում մեր կազմակերպության շատ անդամներ Հայոց բանակի կազմում պաշտպանում են Հայաստանի սահմանները: Իսկ այն խնդիրները, որ կապված են անհատների հետ կլուծվեն Հայաստանի Հանրապետության սահմաններում, ուստի անհարկի են շահարկումները: Մենք կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից էթիկ կլինի, եթե նրանք անդրադառնան Նախիջևանի պատմությանը, թե որտեղ է հիմա այդ տարածքի բնիկ ժողովուրդը, թե ինչպես Ադրբեջանի հանրապետության նախաձեռնությամբ ոչնչացվեցին Նախիջևանի հայկական խաչքարերը, թե ինչպես կազմակերպվեց և իրականացվեց Սումգաիթի հայկական ջարդերը, թե ինչպես ոչնչացվեց Մարաղա գյուղը իր բնակչությամբ:

 

Հ.Գ.Իսկ եթե ադրբեջանական լրատվամիջոցները այդքան հետաքրքրված են եզիների խնդիրներով, ապա կարող են հետաքրքրվել և փորձել հրապարակել, թե որտեղ են հիմա ապրում հազարավոր այն եզդիները ովքեր մինչ 1980 թվականը ապրում էին այդ երկրի տարածքում: