Գրեթե երկու տարի է անցել ՊԲ 38862 զորամասի ԿՍ-19 մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Տիգրան Վարյանի մահից: Մինչ այսօր Տիգրան Վարյանի հայրը' Վանո Վարյանը տարբեր դատական ատյաններում փորձում է գտնել որդու մահվան իրական մեղավորներին:

 

2013 թ. դեկտեմբերի 5-ին Վանո Վարյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարան է ուղարկվել վճռաբեկ բողոք' պահանջով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թ. հոկտեմբերի 28-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր կազմով քննության:

 

2013 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ վերաքննիչ դատարանը քննարկելով տուժողի իրավահաջորի ներկայացուցիչ Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքը որոշել էր մերժել թե՛ Ա. Սաքունցի, թե՛ մեղադրող Կ. Աղաբեկյանի վերաքննիչ բողոքները: Այս որոշմամբ վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողեց 2013 թ. օգոստոսի 6-ի որոշումը, որով մեղավոր էր ճանաչել Հովհաննես Հակոբյանին, Գևորգ Մանուկյանին և Էրիկ Սարգսյանին:

 

2013 թ. հոկտեմբերի 28-ի որոշմամբ Էրիկ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է 2013 թ. հոկտեմբերի 3-ի համաներումը և դադարեցվել է նրա հանդեպ քրեական հետապնդումը:

 

2013 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Վճռաբեկ դատարան ուղարկված բողոքը վճռաբեկ դատարանի 2013 թ. դեկտեմեբրի 27-ի որոշմամբ ետ է ուղարկվել դիմումատու Ա. Սաքունցին:

 

Զինվորի մահվան գործով հերթական անգամ չհասնելով արդարադատության իրականացմանը, կնախապատրաստվի դիմում Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանին դիմելու համար: