Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կզբաղեցնի «բարձր մակարդակի պետական ծառայողի» պաշտոն, որն ԱՄՆ-ի Թաֆթսի համալսարանին կից Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցում ստեղծվել է հատուկ նրա համար: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջի գրառումը։
«Այդ պաշտոնն ստեղծվել է առաջին անգամ և նախատեսված է այն բանի համար, որ Տաֆտսի համալսարանի ուսանողները շփում ունենան հայտնի առաջնորդների և միջազգային տարբեր ոլորտների պրակտիկաների հետ»,- ասել է դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդսը:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Սաակաշվիլին արդեն ելույթ է ունեցել Փրինսթոնի համալսարանում։
Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի վերջին Վրաստանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին առաջադրվելու իրավունք Սաակաշվիլին այլևս չուներ: Ընտրությունների արդյունքներով' հաղթել է «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: