Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված Արմեն Հովհաննիսյանի դին այսօր տուն են տարել զինվորական շարասյան ուղեկցությամբ։

 

Տան մոտ հավաքվել են մի շարք սպաներ, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ և քաղաքացիներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զինվորի հիշատակին:

 

Այս պահին Արմեն Հովհաննիսյանի տան մոտ մոմավառություն է' ի նշան հարգանքի և երախտագիտության:

 

Արմենին հողին կհանձնեն վաղը' Եռաբլուրում:

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանը:

 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

 

Նշենք, որ Արմենը մի քանի րոպե շարունակ միայնակ կռվել է թշնամու դեմ և փրկել մոտ տաս հոգու կյանք: