«Խելքից պատուհաս» կոմեդիան գրելիս Գրիբայեդովը կարող էր երբևէ ենթադրել, որ առաջին ներկայացումը ինքը կտեսնի պարսից սատրապի բնակարանում:

 

Գրականության մեջ նշվում է այդ ներկայացման պրեմիերայի տարեթիվ-ամսաթիվը' 1827 թ. դեկտեմբերի 24-ը: Ներկայացումն ունենում է բացառիկ հաջողություն:

 

1818 թվականին, երբ Գրիբայեդովը նշանակվում է ռուսական միսիայի զորքերի հրամանատարության առընթեր դիվանագիտական մասի քարտուղարի պաշտոնում, ձեռնամուխ է լինում գրելու «Խելքից պատուհաս» կատակերգությունը, որը մտահղացել էր դեռ 1816 թվականին, բայց ավարտում է 1824-ին, Պետերբուրգում:

 

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ ժողովրդի պատմության մեջ Գրիբայեդովի կատարած դերը նրա կյանքի ու հասարակական գործունեության ամենապայծառ էջերից մեկն էր: Ալեքսանդր Գրիբայեդովի անունը սրտորեն կապված է հայ ժողովրդի հետ: Ռուս նշանավոր գրողներից նա առաջինն էր, որ իր կարճատև կյանքի ու գործունեության ընթացքում մի քանի անգամ եղավ Հայաստանում, շնչեց մեր արևաշող հայրենիքի ջինջ օդը, խմեց մեր սառնորակ աղբյուրների ջուրը, շփվեց մեր ժողովրդի հետ, մոտիկից ծանոթացավ նրա անցյալի պատմությանն ու ժամանակակից կյանքին: Հայաստանը նկատելի տեղ է գրավում նրա «ճանապարհորդական գրառումներում»: Երևանում լինելով, նա այցելում է Էջմիածնի վանք, ծանոթանում է հայկական միջնադարյան հուշարձաններին: Իսկ Թիֆլիսում ապրելու տարիներին, նա շատ հայ մտավորականների հետ է շփվում: Սիրում էր լինել Ախվերդյանների հարկի տակ, որտեղ էլ ծանոթանում է իր ապագա կնոջ' վրաց իշխանուհի Նինա Ճավճավաձեին:

 

Գրիբայեդովը անձամբ մասնակցել է Երևանի գրավմանը, որի համար պարգևատրվել է «Երևանի գրավման» մեդալով:

 

Պետերբուրգից մեկնելուց առաջ Գրիբայեդովը փորձել է բեմադրել «Խելքից պատուհաս»-ը: Քանի որ գրաքննությունն չի թույլատրում «Խելքից պատուհաս»-ի լրիվ տպագրումը կամ բեմադրումը հեղինակի օրով, պիեսը բազմաթիվ օրինակներով ձեռագիր արտագրվում ու հասնում էր Ռուսաստանի հեռավոր ծայրերն անգամ:

 

«Խելքից պատուհաս»-ի ձեռագիր օրինակները, դեռևս լրիվ տպագրվելուց առաջ, տարածված են եղել նաև հայկական շրջաններում, և նրանց օրինակներից մեկը հասել է մեզ' Միքայել Նալբանդյանի անձնական արխիվից:

 

Պիեսը տպագրելու նրա բոլոր ջանքերը իզուր են անցնում, իսկ 1824 թ. Պետերբուրգում այն բեմադրելու փորձը' տապալվում, իրականանալով միայն երեք տարի անց' 1827 թ. Երևանում: Երևանն ազատող ռուս սպաները Սարդարի դահլիճում ներկայացնում են «Խելքից պատուհասը» հեղինակի ներկայությամբ:

 

«Գրիբայեդովը իր «Խելքից պատուհաս»-ը ստեղծեց Կովկասում,-գրել է Բելինսկին,-այդ երկրի վայրի ու վեհ բնության որդիների եռանդուն կյանքն ու խստաշունչ պոեզիան ոգեպնդեցին Գրիբայեդովի վիրավորված մարդկային զգացումը' պատկերելու ֆամուսովների, ռոպետիլովների, մոչալովների, սկալոզուբների մարդկային բնության այդ ծաղրանկարների ապատիկ ու ոչնչական շրջանը»:

 

Իսկ երբ պարսիկ մոլեռանդ ամբոխը հարձակվելով ռուսական դեսպանատան վրա սրի է քաշում բոլոր աշխատակիցներին, այդ թվում և Գրիբայեդովին, (նա այդ ժամանակ Ռուսաստանի լիազոր դեսպան էր Պարսկաստանում), Էջմիածնի մայր տաճարում ռուս գրողի հիշատակին հոգեհանգստի պատարագ է մատուցվում: