«Անին միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքն էր. V–IX դարերում եղել է ամրոց, X–XI դարերում' Հայաստանի մայրաքաղաքը, IX–XIV դարերում' տնտեսական և մշակութային կենտրոն:Այս սուրբ քաղաքը, որը համարվում է «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք», այժմ ավերակ է»,-գրում է The Atlantic պարբերականը Հայոց հնագույն մայրաքաղաք Անիի մասին։
Անին այսօր գտնվում է Թուրքիայի Կարս նահանգի, Ախուրյան գետի աջ ափին, 1500մ. բարձրության եռանկյունաձև հրվանդանի վրա: Այն հայտնի է որպես «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Իր անունը ստացել է Բարձր Հայքի Դարսնաղի գավառի Անի բերդաքաղաքից:
Այն հիմնադրվել է ավելի քան 1600 տարի առաջ' մի շարք առևտրական ճանապարհների կենտրոնում: Հեթանոսական շրջանում հռչակավոր էր Արամազդ աստծո մեհյանով և թագավորների գերեզմաններով: Ծաղկուն շրջանում քաղաքն ունեցել է 100.000 բնակիչ: 961թ-ին Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից Անի փոխադրեցին, և այն հռչակվեց մայրաքաղաք: Կառուցվում է նաև կաթողիկոսարան և կաթողիկոսությունը տեղափոխվում է Անի: 964թ-ին Աշոտ Ողորմած թագավորը ամրոցից հյուսիս, հրվանդանի նեղ մասում, կառուցեց հզոր պարիսպ' Աշոտաշեն պարիսպները:
Սրանք խաղաղ տարիներ էին, որի ընթացքում բնակչության թիվը հասնում էր 200.000-ի: 1300-ականներին քաղաքը կտրուկ անկում է ապրել, իսկ 1700-ականներին' ամբողջովին լքվել: 19-րդ դարում, Անիի ավերակները լքված տարածքի էին վերածվել, իսկ Առաջին համաշխարհային պատերազմին և Հայոց ցեղասպանությանը հաջորդած իրադարձություններից հետո այն դարձել է ռազմականացված տարածք: Քաղաքն ամբողջությամբ ավերակների են վերածել բազմաթիվ թուրք կողոպտիչներ, վանդալներ, ովքեր փորձել են այդ տարածքից ջնջել Հայոց պատմությունը ներկայացնող ամեն ինչ: