ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ամփոփեց 2013թ. գործունեության արդյունքները և ներկայացրեց 2014թ. գերակա խնդիրներն ու անելիքները՝ ընդգծելով, որ 2014թ. ընթացքում կարևոր աշխատանքներից կլինի մաքսային և հարկային օրենսդրության համապատասխանեցումը Մաքսային միության օրենսդրությանը՝ պայմանավորված միության անդամակցությամբ:

 

Կարևորելով մի շարք ոլորտներում արված աշխատանքները՝ նա առանձնացրեց պետական պարտատոմսերի թողարկումը: «Պետական պարտքի կառավարման ոլորտում բյուջեի պակասորդի ֆինանսավորման նոր գործիք է ներդրվել. առաջին անգամ թողարկվել են արտարժույթով պետական պարտատոմսեր 700 մլն. ԱՄՆ դոլար ծավալով, յոթ տարի ժամկետով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նախարարությանը հաջողվեց տարեվերջին էականորեն նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները:

 

Նախարարի կարծիքով՝ պարտատոմսերի նկատմամբ ներդրողների մոտ կա վստահություն թողարկողի՝ ՀՀ-ի նկատմամբ:

 

Հաջորդ կարևոր քայլը կառավարման արդիականացման գործընթացն է: Նախարարի ներկայացմամբ՝ ներկայումս պետական կառավարման բոլոր մարմիններն իրենց հաշիվները գանձապետարանում կառավարում են էլեկտրոնային եղանակով, առանց գանձապետարան այցելելու: Գանձապետարանում սպասարկվում են 4.877 հաճախորդների 30.212: «Արդիականացման այս գործընթացն էապես բարելավելու է աշխատանքի արդյունավետությունը»,-ասաց Դավիթ Սարգսյանը:

 

Վերջինիս փոխանցմամբ՝ գնումների ոլորտը նախորդ տարվա ընթացքում ամբողջությամբ կանոնակարգվել է, առաջին անգամ մշակվել և հրապարակվել են գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերը, ինչը հեշտացնում է պետական պատվիրատուների գործողությունները գնման ընթացակարգերի կազմակերպման հարցում և նվազեցնում տեխնիկական սխալներ գործելու հավանականությունը: «Արդյունքում բարձրացել է գնումների գործընթացի թափանցիկությունը: Եվ առաջին անգամ գործարկված էլեկտրոնային գնումների համակարգը մեզ համար չափազանց կարևոր բարեփոխում է»,-ասաց նա:

 

Նախարարը նաև նշեց, որ 2013թ. պետական հատվածում սկիզբ դրվեց ներքին աուդիտի նոր համակարգի գործունեությունը: Ստեղծվել են շուրջ 100 ներքին աուդիտի ստորաբաժանումներ, ընդ որում 56 պետական մարմիններից 52-ում, իսկ 48 քաղաքային համայնքներից՝ 45-ում: Ներքին աուդիտի համակարգում ընդգրկվել են 213 աուդիտորներ՝ նախորդ տարվա 188-ի համեմատ:

 

Դավիթ Սարգսյանը նաև առանձնացրեց այն հանգամանքը, որ անցած տարվա ընթացքում նախարարությունը որդեգրել է երիտասարդ կադրերով աշխատակազմը համալրելու մոտեցում: 2013թ.-ին աշխատանքի է ընդունվել 80 աշխատակից:

 

Ըստ նրա՝ անցած տարվա ամենակարևոր արդյունքը բյուջեի ցածր դեֆիցիտն էր: