analitik.am Քրեակատարողական հիմնարկներից 2014թ. հունվարի 10-ի դրությամբ համաներման կիրառմամբ ազատվել է 875 անձ՝ 706 դատապարտյալ և 169 կալանավոր: Ազգային Ժողովի «ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման կիրառման արդյունքում ազատազրկման հետ կապ չունեցող պատիժների դատապարտված 1212 անձ ազատվել է պատժի հետագա կրումից, իսկ 148 անձի նկատմամբ նշանակված պատժի չկրած մասը համաներման ակտով սահմանված համապատասխան չափով կրճատվել է: Ներկայում քրեակատարողական հիմնարկներում առկա է 3922 անձ:
2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում էր 4686 դատապարտյալ և կալանավորված անձ:
Ըստ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասինե ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի՝ ձերբակալված և կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության չափը չպետք է պակաu լինի 4 ք/մ-ից' յուրաքանչյուր անձի համար: Բայց փաստերը վկայում են, որ օրենքի պահանջը հեռու է իրականությունից, ՔԿՀ-ներում 32 ք/մ-ում 8-ի փոխարեն 12, 16, 20 հոգի է բնակվում:
ՔԿՀ-ներում 2010-ին՝ 35, 2011-ին՝ 32, 2012-ին 28 մահվան դեպք է գրանցվել: Պատճառների թվում նշվում է գերբնակեցումը:
Հարցազրույց քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի փորձագետ, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
Համաներման արդյունքում արդյոք լուծվե՞ց ՔԿՀ-ների հիմնախնդիրը՝ գերբնակեցումը:
-Կոնկրետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գերբնակեցումը մնում է չլուծված: Այսինքն՝ դատապարտյալներն ավելին են, քան սահմանված չափաքանակը: Նախորդ համաներումների փորձը ցույց է տալիս, որ շատ արագ՝ մի չորս-հինգ ամսվա ընթացքում նախկին վիճակը վերականգնվում է: Համաներումը գերբնակեցման խնդրի լուծման տեսակետից ժամանակավոր երևույթ է: Առավել ծանրակշիռ է այն, որ որպես խափանման միջոց շարունակում են կալանքը կիրառել, ինչպես նաեւ արդարացման վճիռների տեսակարար կշիռն է շատ ցածր, կարելի է ասել աննշան է:
ՔԿՀ-ներում պայմանները սահմանված նորմերին գոնե մոտեցնելու ի՞նչ լուծում եք տեսնում:
-Օրինակ՝ Նուբարաշեն ՔԿՀ-ն ընդհանրապես պետք է փակել: Այն բացարձակապես չի համապատասխանում նորմերին, պահման, խցերի պայմանները նվաստացնող են: Եթե ՔԿՀ-ներում տեղ չկա՝ չպետք է ընդունի կալանավոր, եթե պետությունը չի կարողանում համապատասխան պայմաններ ապահովել, որպեսզի նորմը չխախտի, ուրեմն պետք է չընդունի կալանավոր և արմատապես փոխի քաղաքականությունը: Որոշ երկրներում, օրինակ՝ միայն ծանր հանցագործությունների մեջ մեղադրված անձինք են պատիժը կրում ՔԿՀ-ներում, իսկ մնացածը սպասում են իրենց հերթին:
Նշեցիք այլ երկրների օրինակը, եթե հանցագործություն կատարած անձի նկատմամբ խափանման միջոց ոչ թե կալանքը, այլ ուրիշ տարբերակ ընտրվի՝ չի՞ առաջանա մտավախություն, որ նա, ազատության մեջ գտնվելով, կարող է այլ հանցագործություններ ևս գործել:
-Պետք է հստակ քաղաքականություն մշակել: Հիշյալ երկրների դատական համակարգերում որոշակի բնույթի հանցագործությունների համար, որում մարդը ճանաչվել է մեղավոր, տվյալ դատական համակարգն առաջադրում է պայմաններ: Օրինակ, եթե նրանք մինչև պատիժը կրելու իրենց հերթին սպասելը կատարեն նմանատիպ այլ հանցանք, ապա պատիժը կկրկնապատկվի կամ կավելանա ինչ-որ ժամկետով: Սա զսպող նշանակություն ունի: Կարելի է նաև խրախուսական մեթոդներ կիրառել, որոնք հնարավորություն կտան մարդուն ուղղվելու՝ գտնվելով ազատության մեջ: Պատժողական քաղաքականությունից պետք է անցում կատարել ավելի արդարադատական համակարգի, որովհետև քրեակատարողական հիմնարկում անմարդկային պայմաններում մարդուն պահելը անազատության մեջ գտնվող անձին լրացուցիչ, ևս մեկ պատիժ է: Սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
Դատական համակարգում որպես խափանման միջոց կալանքը ընտրելու դեպքերում ինչ-որ բացեր կա՞ն, որոնք կասկած են հարուցում արդարադատության տեսանկյունից:
- Սովորաբար կալանքի տակ պահում են մարդկանց, որպեսզի նրանց զրկեն իրավական պաշտպանության իրական հնարավորություններից: Իսկ եթե նայում ու ուսումնասիրում ես, թե ինչքանով է հիմնավոր կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի այդ միջնորդությունը, ապա կարելի է ասել, որ շատ հարցեր են մնում, հիմնավորումները բավարար չեն: Ցավոք սրտի դատական իշխանությունն էլ, իր անկախության բացակայության պատճառով, նման դեպքերում միջնորդությունները բավարարում է, այսինքն՝ որպես այդպիսին քննություն չի իրականացվում: Որպես խափանման միջոց կալանքը կիրառելու որոշումները պետք է լինեն հիմնավորված, դատական պրակտիկան պետք է փոխվի, նախաքննության մարմինը պետք է կարողանա հիմնավորել, իսկ հիմնավորումներ չեն ներկայացնում, դատարաններն էլ այդ հիմնավորումներին պատշաճ ուշադրություն չեն դարձնում: Պատժողական քաղաքականությունը պետք է տեղափոխվի դեպի արդարադատության բնագավառ: Նույնիսկ գրավը, որը կարող է փոխարինել որպես խափանման միջոց կալանքին, որպես կանոն դժվարությամբ է կիրառվում, մյուսը դատական քննության ընթացքում պատշաճ կերպով հաշվի չեն առնում մեղադրյալի ապացույցների օրինականությանը, հիմնավորվածությանը, այսինքն՝ օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ոչ միայն չի կատարվում նախաքննության ժամանակ, այլ նաև դատաքննության ժամանակ:
Վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքից օգտվելու ինստիտուտը որքանո՞վ է գործում քրեակատարողական համակարգում:
Օբյեկտիվորեն չի գործում, ցավոք սրտի ամբողջությամբ սուբյեկտիվ մոտեցումների հիման վրա է կիրառվում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը: Եթե պայմանական վաղաժամկետը կիրառվում է և կիրառման ժամանակ հաշվի է առնվում ոչ թե մարդու անհատական բնութագրերը, պահվածքը եւ այլն, այլ թե ինչպիսի հանցագործության մեջ է մեղադրվել, դա ամենևին չի կարող օբյեկտիվ և օրինաչափ լինել: Ինչ կարևոր է, թե մարդն ինչի մեջ է մեղադրվել: Պատժի ժամկետը նվազեցնելու հարցերը պետք է որոշել զուտ անձի վարքագծից ՔԿՀ-ներում, մյուս կողմից էլ այդ օբյեկտիվ չափանիշների բացակայության, ինչպես նաև իրավական անպաշտպանության պայմաններում այդ ՔԿՀ-ներում գտնվելու ընթացքում մարդու նկատմամբ կարող են կարգապահական տույժեր կիրառվել ըստ՝ էլի սուբյեկտիվ մոտեցումների:
Օրինակ, եթե բջջային հեռախոս են հայտնաբերում կալանավորի կամ դատապարտյալի մոտ՝ մեկի նկատմամբ կարող են պատիժ, կարգապահական տույժ կիրառել, մյուսի մոտ հայտնաբերելու դեպքում՝ չկիրառել, իսկ դա տարածված պրակտիկա է: Ստացվում է, որ օբյեկտիվություն չկա, իսկ այդ կարգապահական տույժերը կարող են պայմանական վաղաժամկետի իրավունքից զրկել անձին: Սուբյեկտիվ գործոնները, որ ազդում են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վրա, շատ ավելին են, քան օբյեկտիվ գործոնները:
Զանի Հարոյան