Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի երկու հոդված և հոդվածներից մեկի մի մասը, իսկ օրենքն ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից և գործում է: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչու են որոշ գործատուներ աշխատողներից պահում կուտակային կենսաթոշակի համար նախատեսված վճարները:

 

«Ես չեմ կարծում, որ պարտաճանաչ գործատուները իրենց պարտավորությունները կատարում են միայն այն դեպքում, երբ այդ պարտադիր կատարման ենթակա նորմը չկատարելու համար գործում է պատասխանատվության միջոց: Գործատուները պարտաճանաչ կերպով կատարում են իրենց պարտավորությունները, և ես գտնում եմ, որ դա ճիշտ է, քանի որ պարտադիր կուտակային օրենքն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից և այդ հարցով որևէ հոդված կասեցված չէ»,-նշեց նա:

 

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ օրենքի դրույթների կատարումը չպետք է պայմանավորված լինի բացառապես դրանց չկատարման համար պատասխանատվություն սահմանված լինելու հանգամանքով։

 

ՀՀ ԱԺ չորս խմբակցություններ' ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ, դեկտեմբերի 16-ին դիմել էին Սահմանադրական դատարան' վիճարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը: Օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը ուժի մեջ է մտել 2014թ.-ի հունվարի 1-ից: Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրել է օրենքի որոշ հոդվածներ, որոնք պատասխանատվություն են սահմանում:

 

Օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի մարտի 28-ին: