Ադրբեջանական մամուլում ակտիվորեն քննարկվում է ադրբեջանցի ընտանիքի' Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելու փաստը: Ջավիդ Օրուջովի' Բաքվում բնակվող ընտանիքի անդամների հետ ունեցած զրույցներում ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են փաստը ներկայացնել որպես Ադրբեջանի դեմ կատարված «դավաճանություն» եւ նշում, որ նրա ընտանիքի անդամները, իբր, դատապարտ ում են «թշնամու երկրում ապաստան խնդրելու» Օրուջովի քայլը:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները «համոզմունք» են հայտնում, որ Օրուջովը Հայաստանից ապաստան է խնդրել «հետագայում երրորդ երկիր տեղափոխվելու նպատակով»: Ադրբեջանի պաշտոնական շրջանակները դեռեւս չեն անդրադարձել Ջավիդ Օրուջովի եւ նրա ընտանիքի' Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելու փաստին:

 

ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976 թ. ծնված Ջավիդ Օրուջովը' իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Ջավիդ Օրուջովը պատմել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումներն իր նկատմամբ սկսվել են հայկական արմատներով կնոջ' Բաքվի բնակիչ, 1983 թ. ծնված Ռոյա Միրզոեւայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին' Ջավիդ Օրուջովը պարտադրված համաձայնել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ եւ կնոջ' արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի ու հայկական սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը' Օրուջովը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով անելանելի վիճակում եւ, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը' Ջավիդ Օրուջովը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից: