Mediamall.am-ն առանձնացրել է օրվա լրահոսի՝ առավել ուշագրավ նորությունները.


Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրությունների

Ըստ խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Յուրի Միրոշնիչենկոյի՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի պատրաստվում երկրի ճգնաժամին ուժային լուծում տալ և արտակարգ դրության ռեժիմ կիրառել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Միրոշնիչենկոն հայտնել է, որ Ուկրաինային նախագահը պատրաստ է արտահերթ ընտրություններ նշանակել, ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական, եթե իհարկե ընդդիմության հետ հարցը չկարողանա լուծել փոխզիջումների ճանապարհով:

Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի 4-րդ նստաշրջանում ընդդիմությունը և իշխանությունը կփորձեն համաձայնության գալ սահմանադրական բարեփոխման, կառավարության ձևավորման և համաներման մասին օրենքի վերանայման շուրջ:

 

***


Կադրային փոփոխություն ՀՀ դատախազության համակարգում

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով' Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Ռաֆիկի Սուքիասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից' իր դիմումի համաձայն:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

 

***


Ադրբեջանում ակտիվորեն քննարկում են ադրբեջանցի ընտանիքի' Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելու փաստը

Ադրբեջանական մամուլում ակտիվորեն քննարկվում է ադրբեջանցի ընտանիքի' Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելու փաստը: Ջավիդ Օրուջովի' Բաքվում բնակվող ընտանիքի անդամների հետ ունեցած զրույցներում ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են փաստը ներկայացնել որպես Ադրբեջանի դեմ կատարված «դավաճանություն» եւ նշում, որ նրա ընտանիքի անդամները, իբր, դատապարտ ում են «թշնամու երկրում ապաստան խնդրելու» Օրուջովի քայլը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները «համոզմունք» են հայտնում, որ Օրուջովը Հայաստանից ապաստան է խնդրել «հետագայում երրորդ երկիր տեղափոխվելու նպատակով»: Ադրբեջանի պաշտոնական շրջանակները դեռեւս չեն անդրադարձել Ջավիդ Օրուջովի եւ նրա ընտանիքի' Հայաստանից քաղաքական ապաստան խնդրելու փաստին:

ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976 թ. ծնված Ջավիդ Օրուջովը' իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Ջավիդ Օրուջովը պատմել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումներն իր նկատմամբ սկսվել են հայկական արմատներով կնոջ' Բաքվի բնակիչ, 1983 թ. ծնված Ռոյա Միրզոեւայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին' Ջավիդ Օրուջովը պարտադրված համաձայնել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ եւ կնոջ' արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի ու հայկական սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը' Օրուջովը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով անելանելի վիճակում եւ, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը' Ջավիդ Օրուջովը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

 

***


Հայոց ցեղասպանության ճանաչման նոր բանաձևն ակտիվորեն շրջանառվում է ԱՄՆ Կոնգրեսում

Հայ դատի ԱՄՆ արևելյան շրջանի հանձնախումբը մեծ աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության ճանաչման «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևի քննարկման և առաջմղման ուղղությամբ: Նոր բանաձևին սատարող կ ոնգրեսականների թիվը գնալով աճում է: Բանաձևը ներկայացնելուց ի վեր ամերիկահայությունը ողջ երկրով մեկ պարբերաբար կոչեր է արել ԱՄՆ կոնգրեսականներին' միանալ և սատարել բանաձևին, որը նախագահ Բարաք Օբամային հորդորում է պետության ղեկավարի մակարդակով վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Սա դարավոր հարցի այլընտրանքային մոտեցում է: Պետք է միայն, որ Հայոց ցեղասպանությունը վերաճանաչվի Օբամայի վարչակազմի կողմից: Առանց 1.5 միլիոն հայերի զանգվածային կոտորածի մասին հստակ և արադարացի բանաձևի' հայ և թուրք ժողովուրդների միջև երկարատև խաղա ղությունը համարյա անհնար է»,- ասել է Հայ դատի ԱՄՆ արևելյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը:

Ի տարբերություն նախկինում ներկայացրած բանաձևերի' ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի, Մայքլ Գրիմի և Ֆրենկ Փալոնեի համատեղ ներկայացրած այս նոր փաստաթուղթը կոչ է անում Օբամայի վարչակազմին վերահաստատել, որ նախկինում ԱՄՆ-ն արդեն ճանաչել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը' որպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խթանման նախապայման: Այն առաջ է քաշում վիլսոնյան վաչակազմի արած հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

 

***


Ջրծաղիկի համաճարակ կա, բայց չեն բարձրաձայնում (տեսանյութ)

Ջրծաղիկը սեզոնային բնույթ ունի: Ակտիվանում է հատկապես հոկտեմբերի սկզբին, ու պասիվանում հունվարի վերջին: Այս տարի գրանցված դեպքերն աննախադեպ շատ են եղել, սակայն մասնագետները դեռ խուսափում են այն ՙհամաճարակ՚ որակել: Համաճարակ է համարվում, երբ բնակչության շրջանում դեպքերը հասնում են 30%-ի:

 

 

 

***


Գլխավոր դատախազությունը դիմել է Աշոտ Սուքիասյանին հանձնելու միջնորդությամբ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանի Թբիլիսիում ձերբակալվելու կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը Վրաստանի գլխավոր դատախազություն է ուղարկել Աշոտ Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Հանձնման մասին միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում:

 

***


«Արմթաբ» հայկական առաջին պլանշետը «ծնվեց» պաշտոնապես

Հայկական առաջին պլանշետն արտադրողները փետրվարի 4-ին Երևանում «Արմթաբ»-ը պաշտոնապես ներկայացրին հանրությանը՝ նրանց բուռն հետաքրքության պայմաններում: Մշակող և արտադրությունն իրականացնող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր Վահան Չակարյանը հիշեցրեց, որ «Արմթաբի» գաղափարը հանրայնացվել է 2013 թվականին: «Այսօր մենք հավաքվել ենք այստեղ նշելու «Արմթաբի» ծնունդը մեր բոլորի համար, մեր հայրենիքի ու հասարակության համար»,- նշեց Չակարյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկա ամիսներին գործարանը կսկսի պլանշետների մասսայական արտադրություն: «Մենք ստանում ենք անհավանական աջակցություն' մեր գործունեությունը հնարավորին արագ կազմակերպելու համար»,- նշեց Չակարյանը՝ վստահեցնելով, որ «Արմթաբի» պատիվը բարձր կպահեն ամբողջ աշխարհում:

Նա նշեց, որ ներկայումս «Արմթաբ» ընկերությունն ակտիվորեն համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ: Մասնավորապես, «Արմթաբ» պլանշետներում ներդվելու է «Ինստիգեյթ դիզայն» ընկերության «Արաքս» առաջին օպերացիոն համակարգը, «Ոստան» օգտագործողի միջավայրը, «Լոկատոր», «Բիթլիս-Մեն» ընկերությունների և Mlab ECA Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի կրթական հավելվածները: Ընկերությունը նպատակ է դրել 2015 թ. ներկայացնել «Արմթաբ» պլանշետները Հայաստանի դպրոցական համակարգերում: Այդ նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:

 

***


Ռուսաստանը Հայաստանին կվերադարձնի Հացիկ գյուղի զինվորական թաղամասը

ՌԴ-ի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վայրերի մասին հայ-ռուսական համաձայնագրին կից արձանագրությանը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Ռուսաստանը Հայաստանին կվերադարձնի ավելի վաղ իրեն հանձնված զինվորական թաղամասը Հացիկ գյուղում: Միաժամանակ Հայաստանը ռուսական կողմին երկու զինվորական երկու թաղամաս կփոխանցի Երևանում և Գյումրիում: Այդպիսով՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վայրերի թիվը կհասնի 21-ի:

ՌԴ պաշտպանության նախարարությանը եւ ԱԳ նախարարությանը հանձնարարված է բանակցություններ վարել հայկական կողմի հետ՝ արձանագրության տեքստում չկատարելով սկզբունքային փոփոխություններ:

 

***


Հովիկ Աբրահամյանի մոտ շտապ խորհրդակցություն է. թեման գաղտնի են պահում

«7օր»–ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ՀՀԿ խմբակցության պատգամավորները շտապում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ։ Թե ո՞րն է այդ խորհրդապահական հավաքի առարկան, նրանցից որևէ մեկը չի ասել։

–Ես շա՞տ գիտեմ,–անկեղծացել է Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «7օր»–ին պատասխանել է.

–Մենք իրավունք չունե՞նք բան քննարկենք կամ խոսենք։ Գաղտնիք չէ, սովորական քննարկում է, որի հետաքրքրության շրջանակը, կարծում եմ, այլոց պիտի չվերաբերի։ Մենք իրավունք չունե՞նք մեկս մյուսի հետ խոսել։

 

***


Հայաստանից քաղաքական ապաստան խնդրող ադրբեջանցի ընտանիքը Երևանում է 

Հայաստանի իշխանություններից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքը գտնվում է Երևանում. այս մասին տեղեկացանք ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

Ընտանիքի գտնվելու կոնկրետ վայրի մասին տեղեկություն չի հաղորդվում՝ անվտանգության և մի շարք այլ նկատառումներով։ Նրանք արդեն դիմել են Հայաստանի պետական միգրացիոն ծառայությանը, և ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը, դիմումում ներկայացված տվյալներն այժմ ուսումնասիրվում են։

«Իրենք ուզում են պաշտպանվել Հայաստանի Հանրապետությունում այն հալածանքներից, որին, իրենց պնդմամբ, ենթարկվել են Ադրբեջանում։ Դիմումում դա է, ապաստան տրամադրելը նշանակում է հենց դա»,- ասաց Եգանյանը։

Մանրամասները՝ այստեղ: