Այսօր Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում խորհրդանշական ժամին՝ Երեւանի ժամանակով 20:14-ին, կսկսվի 2014 թվականի XXII ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

 

Դրոշաձողի վրա կբարձրացվի սպիտակ պաստառը՝ հինգ գույնզգուն օղակներով, որոնք խորհրդանշում են ամբողջ աշխարհի մարզիկների միասնացումը, իսկ թասի մեջ կբոցավառվի Օլիմպիական կրակը: Փոխանցավազքի 123 օրվա ընթացքում այն հասցրել Է հաղթահարել ավելի քան 65 հազար կիլոմետր, կրակը տարել են 14 հազար ջահակիրներ:

 

Կրակը Բայկալում իջել Է ջրի տակ, եղել Է Հյուսիսային բեւեռում, Էլբրուսի գագաթին, այն տարել են ավտոմոբիլներով. գնացքներով, ինքնաթիռներով, ռուսական եռաձի կառքով, եղջերուների լծասարքերով: Ջահը եղել Է նաեւ Միջազգային տիեզերակայանում եւ երկու անգամ դուրս Է եկել բաց տիեզերք:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սոչիի Օլիմպիադայի առաջին ռեկորդն արդեն գրանցվել Է. դրան կմասնակցի 88 թիմ: Նման ցուցանիշ ձմեռային Օլիմպիադաները տակավին չեն իմացել: Սոչիում առաջին մասնակցությունն են բերում այնպիսի «ոչ ձմեռային» երկրներ, ինչպիսիք են Արեւելթայն Թիմորը, Դոմինիկան, Զիմբաբվեն, Մալթան, Պարագվայը, Տոգոն եւ Տոնգան:

 

Սոչիում Խաղերի բացման արարողությանը, բացի մարզասերներից ու մարզիկներից, ներկա կլինեն նաեւ պաշտոնատար անձինք, որոնցից շատերն զբաղեցնում են բարձրագույն պետական պաշտոններ: Ինչպես հաղորդել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Սոչիում պատրաստվում են ընդունել տարբեր երկրների մինչեւ 60 ղեկավարների, միայն բացման արարողության ժամանակ նրանց թիվը կլինի 44:

 

Սոչիի Օլիմպիական խաղերում կխաղարկվեն 15 մարզաձեւերի մեդալների 98 լրակազմեր: Խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին: