Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը ընկերական հանդիպում կանցկացնի Մոսկվայի «Սպարտակ»-ի 2-րդ թիմի հետ: Երևանի «Բանանց»-ն ավարտում է նախապատրաստական մարզումները Երևանում: Թիմը փետրվարի 8-ին սեփական մարզաբազայի արհեստական խոտածածկույթով խաղադաշտում ստուգողական հանդիպում կանցկացնի «Ուլիս»-ի հետ: Այդ խաղից հետո թիմը երկու օր կհանգստանա և փետրվարի 10-ին կմեկնի Անթալիա, որտեղ էլ կանցկացնի վերջին ուսումնամարզական հավաքը բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվելուց առաջ:
Անթալիայում թիմը կմարզվի երկու շաբաթ: Ժոլտ Հոռնյակը նախատեսել է այդ ընթացքում անցկացնել չորս ստուգողական հանդիպումեր: Արդեն հայտնի է թիմի ստուգողական խաղերի ժամանակացույցը: Առաջին խաղը կայանալու է փետրվարի 14-ին: Այդ օրը «Բանանցը» մրցելու է Մոսկվայի «Սպարտակ»-2-ի հետ:
Փետրվարի 17-ին տեղի կունենա «Բանանց»-ի ստուգողական երկրորդ հանդիպումը, որում թիմի մրցակիցն է լինելու Չինաստանի սուպեր- լիգայի ներկայացուցիչ «Խանչժոու» թիմը: Այս հանդիպումներից բացի «Բանանց»-ը փետրվարի 19-ին և 22-ին ևս երկու խաղ կանցկացնի: Այդ խաղերում մեր թիմի մրցակիցները հայտնի կդառնան ավելի ուշ: