Վերջին օրերին թուրքական իշխանությունների քայլերն էներգետիկ քաղաքականության ոլորտում հարուցել են տարածաշրջանի երկրների զարմանքն ու անգամ վրդովմունքը: Օրեր առաջ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, թե իր երկիրը ցանկանում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի փոխարեն գազ ներկրել Իրաքից: Այս դիրքորոշումը նախարարը բացատրել է հարավ-արևելյան հարևանի հետ հնարավոր գործարքի համե մատական էժանությամբ: Առաջին հայացքից, սա տրամաբանական որոշում է՝ Իրաքը Թուրքիայի անմիջական հարևանն է, և ավելի հեռավոր երկրներից գազ ներկրելը շահավետ չէ:

 

Ըստ հրապարակված տվյալների՝ հազար խորանարդ մետր գազը Իրանը Թուրքիային վաճառում է 490, ՌԴ-ն՝ 425, Ադրբեջանը՝ 335 դոլարով: Վերջինը համեմատաբար ամենաշահեկան տարբերակն է, մանավանդ որ վերջերս «Սոքար Թուրքիա Էներջի» ընկերության նախագահն անձամբ էր նշել, թե ադրբեջանական գազը մյուս երկրների համեմատ՝ աննախադեպ շահավետ է Թուրքիայի համար: Թվում է՝ այս դեպքում նախարար Յըլդըզը ՌԴ-ի և Իրանի գազի գնի քաղաքականության վրա պետք է ճնշում գործադրեր հենց ադրբեջանական հաղթաթղթով, մանավանդ ադրբեջանաթուրքական ռազմավարական համագործակցությունը հաշվի առնելով:

 

Սակայն Ադրբեջանն այսօր փաստացի Իրանի և ՌԴ-ի հետ մեկտեղ դեպի Թուրքիա գազի արտահանումից զրկվելու թեկնածուներից է: Իհարկե, նման հնարավորությանը պետք է փոքր-ինչ վերապահումով մոտենալ՝ հաշվի առնելով ադրբեջանական «Շահ-Դենիզ» գազի հանքից Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի արտահանումը, 2007-ից ի վեր գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի ճակատագիրը, «Թանափ» անդրադրիատիկ նախագծի հեռանկարները և այլն: Ի դեպ, Ադրբեջանի առաջարկած գինն էլ պակաս հետաքրքրական չէ. գաղտնիքն այստեղ ոչ թե թուրք-ադրբեջանական տանդեմի ներքին շուկան է, այլ ընդամենն Ադրբեջանի անելանելիության գիտակցումը, ավելի ճիշտ՝ Թուրքիայի ակնարկն այն մասին, որ Ադրբեջանը, բացի թուրքականից, այլ ելք չունի դեպի եվրոպական էներգետիկ շուկա:

 

Թեհրանի նկատմամբ Անկարայի վերաբերմունքը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, ևս միանշանակ չէ: Նախարար Յըլդըզը հայտարարում էր, թե իր երկիրը շարունակելու է գազ գնել Իրանից, թե 2013-ին իրենք 4,5 մլրդ դոլարի գազ և 3,1 մլրդ դոլարի նավթ են գնել: Ընդ որում, այս հայտարարությունը հնչեց 2013-ի դեկտեմբերի 12-ի ամերիկյան իշխանությունների զգուշացումից հետո, թե Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ են սահմանված, և Թուրքիան ևս պետք է հետևի դրանց: Ի պատասխան՝ Անկարան հայտարարեց, թե այդ պատժամիջոցներն իր հետ կապ չունեն, քանի որ Թուրքիան գործում է ըստ ՄԱԿ-ի որոշումների: Թուր քիան անգամ Իրանին գազի դիմաց ոսկի առաջարկեց, ինչի շուրջ էլ թեժացավ հայտնի կոռուպցիոն սկանդալը: Վարչապետ Էրդողանի՝ վերջերս Իրան կատարած այցի ընթացքում էլ Յըլդըզը հպարտորեն հայտարարեց, թե Իրանը մտադիր է Թուրքիայի տարածքով խոշոր գազատար կառուցել դեպի Եվրոպա:

 

Տարածաշրջանի էներգետիկ պաշարների անգամ թռուցիկ ուսումնասիրման դեպքում պարզ է դառնում, որ Անկարան ՌԴ-ի, Ադրբեջանի և Իրանի գազի մատակարարման հնարավոր դադարեցման մասին նման վստահությամբ խոսում է ՝ թիկունքում ունենալով Իրաքյան Քուրդիստանը, որից էլ գերադասում է էժան գազ գնել: Իհարկե, սա հարուցում է պաշտոնական Բաղդադի դժգոհությունը: Ավելին, մասնագետների հաշվումներով՝ անգամ իրաքյան գազի հասանելիության դեպքում Թուրքիան դրանով կբավարարի իր կարիքների միայն քսան տոկոսը: Այս դեպքում արդեն, հատկապես սեփական ռեսուրսների բացակայության ֆոնին, անտրամաբանական է դառնում գործող մատակարարների հասցեին հնչեցված նախազգուշացումը:

 

Թուրքիայի անհանգստության հիմնական պատճառն այս փուլում այն է, որ մերձավորարևելյան երկրները մեկը մյուսի հետևից հայտարարում են Թուրքիան շրջանցելով և այլընտրանքային ճանապարհներով իրենց էներգակիրները միջազգային շուկա հանելու պատրաստակամության մասին: Նախարար Յըլդըզը նշում է, թե Իրաքն իբր չի կարողանա նավթ արտահանել միջազգային շուկա Սիրիայի տարածքով՝ թերևս նկատի ունենալով արդեն հայտարարված նոր՝ Իրաք-Սիրիա-Լիբանան, Իրաք-Հորդանան-Իսրայել, Իրան-Իրաք ուղիները: Ավելին, Իրանն էլ, այդ անհանգստությունը բազմապատկելով, մտադրվում է օրական 25 միլի ոն խորանարդ մետր բնական գազ արտահանել Իրաք, իսկ Իրաքի նավթի նախարարն էլ հայտարարում է, թե առաջիկայում այդ ցուցանիշը հասցնելու են օրական 50 մլն խորանարդ մետրի: Տարածաշրջանի բոլոր դերակատարներն ակտիվ են էներգետիկ այս խաղում, և շատ շուտով թերևս կարձանագրվեն Թուրքիայի անհանգստության նոր նշաններ:

 

Դավիթ Սարգսյան