Թուրքական իրավապահ մարմինները Իգդիրում ապօրինի ճանապարհով Թուրքիա անցնողների դեմ գործողությունների արդյունքում ձերբակալել են Ադրբեջանի 7 քաղաքացիների: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը' նշելով, որ նրանցից մեկը կալանավորվել է, իսկ մյուսները ներկայացվել են երկրից արտաքսման:

 

Թուրքիայի սահմանային հաշվառման տվյալներով' 2011 թ. այդ երկիր են մեկնել Ադրբեջանի 578685 քաղաքացիներ, եւ ետ վերադարձել 565484 քաղաքացիներ: Այսինքն' միայն 2011 թ. Թուրքիայում հաստատվել են Ադրբեջանի 13201 քաղաքացիներ: Ռուսաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի սահմանային հաշվառման տվյալներով' 2011 թ. Ադրբեջանից այդ երկրներում հաստատվել են 40719 քաղաքացիներ: Դրանով հանդերձ ադրբեջանցիների լուրջ արտագաղթ է տեղի ունենում դեպի Ուկրաինա, Ղազախստան, Եվրամիության երկրներ եւ ԱՄՆ: Եթե նկատի առնվի, որ պաշտոնական տվյալները միշտ չէ, որ անդրադարձնում են իրական պատկերի անգամ փոքր մասը, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանից տարեկան արտագաղթել են ոչ թե 40 հազար, այլ շատ ավելի քաղաքացիներ:

 

Ադրբեջանի «ԱԴԱՄ» սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված համազգային հարցման տվյալների համաձայն' հանրապետության բնակչության 62 տոկոսը ցանկանում է ընդմիշտ կամ ժամանակավորապես հեռանալ երկրից:

 

Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքների գծով Պետկոմիտեի ղեկավար Նազիմ Իբրահիմովը 2012 թ. հուլիսի 5-ին հայտարարել է, որ Ռուսաստանում բնակվում են 2,5 մլն ադրբեջանցիներ: Համապատասխանաբար, նվազագույնը 2,5 մլն մարդով ցածր է նաեւ Ադրբեջանի բնակչության թիվը, որի պաշտոնական վիճակագրությունը գործնականում հաշվի չի առնում արտագաղթը: