Թուրքիայի երիտասարդական կազմակերպություններն այսօր կեսօրին Անկարայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսել: Ակցիայի մասնակիցները բողոքում են «Էրգենեկոն» եւ «Բալյոզ» դատական գործերով զինվորականներին կալանքի տակ պահելու դեմ: Նրանք հավաքվել են Թուրքիայի խորհրդարանի շենքի շրջակայքում եւ պահանջում են ազատ արձակել զինվորականներին: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:

 

Ակցիայի մասնակիցները բացականչում են' «Ազատություն կամ մահ», «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»: Ոստիկանությունը թույլ չի տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ խորհրդարանի շենքին:

 

Վերջին տվյալներով' ոստիկանությունը սկսել է արցունքաբեր գազ կիրառել հանրահավաքի մասնակիցներին ցրելու համար:

 

Տեղացի դիտորդների կարծիքով' Թուրքիայում վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության դեմ բողոքների նոր ալիք է հասունանում, որն ուժեղանալու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մոտենալու հետ կապված: Ընտրություններն անցկացվելու են մարտի 30-ին:

 

Շատ փորձագետներ կանխատեսում են, որ ՏԻՄ ընտրություններում Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պարտվելու է: Նշվում է, որ ԱԶԿ-ի վարկանիշն անցյալ տարվա համեմատ երկու անգամ նվազել է: Միաժամանակ, տեղի է ունենում ԱԶԿ անդամները զանգվածաբար հեռանում են կուսակցության շարքերից: Նրանց մի մասն անդամակցում է ընդդիմությանը: Ներկա դրությամբ' ԱԶԿ շարքերից հրաժարական է տվել արդեն մոտ 2 հազար անդամ:

 

Թուրքիայում հակակառավարական բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին Ստամբուլում Գեզի այգու բնապահպանական պահանջներով, նոր թափ են ստացել դեկտեմբերի 17-ին թուրքական անվտանգության մարմինների կողմից անցկացված հակակոռուպցիոն գործողությունների արդյունքում երեք նախարարների որդիների եւ հայտնի գործարարների հետ 50-ից ավելի չինովնիկների ձերբակալությունից հետո, որոնք կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության եւ Ադրբեջանի ու Իրանի հետ էներգետիկ համագործակցության բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումներին մասնակցության մեջ: