Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը փետրվարի 14-ին մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին: Ղուլյանն Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք է ժամանել նախօրեին՝ ԵԱԴ-ի քաղաքական ղեկավարության հրավերով:

 

Լիագումար նիստի քննարկումների ժամանակ, որը նվիրված էր մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, ընդգծելով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն կազմակերպվել և ընթացել է գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որը կարելի է առաջին հաջողված դեպքը համարել Եվրոպայի տարածքում:

 

Նախատեսվում են Ղուլյանի հանդիպումները Եվրոպայի ազատ դաշինքի նախագահության (բյուրոյի) անդամների հետ, ինչպես նաև ԵԱԴ-ի կազմի մեջ մտնող մի շարք եվրոպական կուսակցությունների ղեկավարների հետ:

 

Եվրոպական ազատ դաշինքը Եվրոպական քաղաքական կազմակերպություն է, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող տարբեր եվրոպական կուսակցությունների։ Դաշինքը ինքնորոշման իրավունքի ջատագովներից է և պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրավունքը: Ինքնորոշման իրավունքն առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում և գաղափարախոսության մեջ:

 

Եվրոպական ազատ դաշինքի կազմում են մոտ 40 ազգային, տարածաշրջանային և ինքնավար կուսակցություններ Եվրամիության ավելի քան 17 երկրներից, որոնք ներկայացնում են պետականություն չունեցող ժողովուրդներին, Եվրոպայի ավանդական փոքրամասնություններն ու տարածաշրջանները։ Այդ երկրների շարքում են Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան և այլն։ ԵԱԴ-ն ներկայացված է Եվրախորհրդարանում՝ 7 անդամով, որոնք Եվրախորդարանի թվով չորրորդ քաղաքական միավորի՝ Կանաչների խմբակցության մաս են կազմում: