Վիեննայում դատական գործընթաց է սկսվել աղմուկ հանած կոռուպցիոն գործով, որի մեջ ներքաշված են Ավստրիայի կենտրոնական բանկի կապալառու ընկերությունը եւ Ադրբեջանի կենտրոնական բանկի ղեկավարությունը: Խոսքը Վիեննայում ադրբեջանական թղթադրամների տպագրման գծով կոռուպցիոն գործարքի մասին է:

 

Ինչպես հաղորդում է virtualaz.org լրատվական կայքը, հղում կատարելով ավստրիական աղբյուրներին, հայտնում է, որ առաջին դատական լսումը սկսվել է դատախազի ելույթով, ով կարդացել է մեղադրական եզրակացությունը: Դատական քննությանը հետեւում են ավստրիացի հարյուրավոր լրագրողներ:

 

Քրեական գործի նյութերի համաձայն' ավստրիական OeBS ընկերությունը Ադրբեջանի համար թղթադրամներ տպագրելու մասին 2005թ. պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի ԿԲ-ի հետ: Սակայն, ընկերության ներկայացուցիչները դրա համար գործարքի պայմանագրում նշված արժեքի 20 տոկոսի չափ հավելյալ գումար են վճարել Ադրբեջանի ԿԲ ղեկավարությանը: Հավելավճարը ադրբեջանցիներին փոխանցվել է Պանամայում գտնվող Venkoy օֆշորային ընկերությունում գրանցված 73-ամյա կնոջ հաշվեհամարին:

 

Այդ կոռուպցիոն գործարքը խոշոր սկանդալ է առաջացրել Ավստրիայում: OeBS ընկերության նախկին տնօրեն Մայքլ Վոլֆը եւ 9 ներկայացուցիչներ մեղադրվում են կազմակերպված հանցագործ խմբավորում ստեղծելու եւ կեղտոտ փողեր լվալու մեջ: Մեղադրական դատավճռի հրապարակման դեպքում նրանց նվազագույնը 10 տարի ժամկետով ազատազրկում է սպասում:

 

Քրեական գործում անհերքելի ապացույցներ կան, որ գործարքի կայացման համար ավստրիացիները Ադրբեջանի ԿԲ ղեկավարությանը 14 մլն եվրո են փոխանցել: Մեղադրող կողմը պնդում է, որ որպես կաշառք ուղարկված փողերի մի մասը կանխիկ հանձնվել է Ադրբեջանի ԿԲ ներկայացուցիչներին:

 

«Այդ փողերը պատկանում են ադրբեջանական ժողովրդին: Չնայած այն բանին, որ ավստրիական ԿԲ-ն որպես կաշառք վճարել է ադրբեջանական ժողովրդին պատկանող փողեր, այդուհանդերձ, ընկերության ղեկավարությունը պատասխանատվություն է կրում կոռուպցիային ու փողերի լվացմանը մասնակցության համար», - ելույթում հայտարարել է ավստրիացի դատախազ Սակմանը:

 

Մեղադրյալներից' OeBS ընկերության 75-ամյա աշխատակցուհի, Իսպանիայի եւ Շվեյցարիայի քաղաքացի Էրիկա Պ.-ն ցուցմունք է տվել է, որ վախենում է ադրբեջանցիների կողմից վրեժխնդրության համար, քանի որ հենց ինքն է բանակցություններ վարել Ադրբեջանի ԿԲ ղեկավար Էլման Ռուստամովի հետ: