Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 17-ին այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածում տեղակայված մի շարք զորամասեր եւ ծանոթացել զինվորների առօրյային, պաշտպանության համակարգին եւ առաջնագծի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին:
Բակո Սահակյանը նշել է, որ բանակաշինությունը եղել է եւ կմնա մեր պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը եւ այս համատեքստում հատուկ ընդգծել սահմաններն ամուր պահելու կարեւորությունը' այն համարելով մեր ողջ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարեւորագույն բաղադրամասերից մեկը:
Այնուհետեւ Նախագահն այցելել է «Մադաղիս-1» ՀԷԿ եւ ծանոթացել կայանի աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է այս էներգահանգույցի դերը հանրապետության էներգետիկ անվտանգության եւ կայուն տնտեսական աճի ապահովման գործում' կոնկրետ հանձնարարականներ տալով աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: