Սիրիայում ոչնչացվել է նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ կռվող ադրբեջանցի հերթական մոջահեդը: Ինչպես հաղորդում է ANS PRESS լրատվական գործակալությունը, Մեդինայի իսլամական համալսարանի շրջանավարտ, Ադրբեջանի քաղաքացի Ռուստամ Ասքերովը 20 տարուց ավելի հաշվվում է Ադրբեջանի իսլամացմանը կոչ անող ծայրահեղականների ցուցակում:

 

Նշվում է, որ Ռուստամը, ով արդեն հասցրել է 4 տարի ազատազրկման պատիժ կրել բանտում, կարեւոր հանձնարարություններ է կատարել նաեւ Աֆղանստանում եւ Չեչնիայում: Նշվում է նաեւ, որ վերջին երկու տարում նա Սիրիայում «Ահրարուշ Շամ իսլամի» ահաբեկչական խմբավորման կազմում մասնակցում էր կառավարական ուժերի դեմ կռիվներին:

 

Ռուստամ Ասքերովը սպանվել է Հալեպում Բաշար Ասադի ուժերի օդային հարվածների արդյունքում:

 

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն արդեն գերազանցում է 50-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են 250-ից ավելի Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 100-ից ավելի ադրբեջանցի մոջահեդներ: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայով Սիրիա անցնելու փաստը: