Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին համագործակցել Սիրիայի ընդդիմության հետ, որպեսզի հնարավոր լինի երկրի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հայտարարության մեջ նշվել է, որ գործընկներները հեռախոսազրույցում քննարկել են ՄԱԿ-ի ընդունած Սիրիայի վերաբերյալ բանաձևը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ այն պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ' Սիրիայում մարդասիրական օգնություն տրամադրելու ուղղությամբ: Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ կշարունակվի մարդասիրական օգնության տրամադրումը երկրի բոլոր մարզերի կարիքավորներին, առանց բացառության:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ Սիրիայի իշխանություններից պահանջելով բացել բոլոր սահմանները մարդասիրական օգնության համար: Բացի այդ, բանաձևը կոչ է արել հակամարտող կողմերին միասին պայքարել ահաբեկչության դեմ: Փաստաթուղթն ընդունվել է բոլոր 15 անդամների կողմից, այդ թվում նաև Ռուաստանի: