Հայաստանի Ազգային ժողովի նախագահը շատ է կարևորում, որ իշխանությունները մշտապես լինեն գյուղացու կողքին և աջակցեն նրան: «Իհարկե, կառավարությունը Նախագահի հանձնարարականով օգնություն է տրամադրում գյուղացիներին վառելիքի, պարարտանյութի և այլ միջոցներով, սակայն կան նաև կազմակերպչական հարցեր, նաև եթե լինեն օրենսդարական խնդիրներ, մենք պետք է փորձենք կարգավորել դրանք: Գյուղացին այսօր ցանկանում է, որ մենք իրեն ջրով, վառելիքով, պարարտանյութով և այլ անհրաժեշտ միջոցներով ապահովենք, իսկ մենք մեր հերթին ամեն ինչ պետք է անենք նրան օգնելու համար»,- ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ամփոփելով Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքները:
Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ իշխանությունների ջանքերով տարեցտարի նվազում են գյուղացիների խնդիրները: Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել, քանի որ դրա համար ժամանակ և ֆինանսական մեծ միջոցներ են հարկավոր: «Մենք համոզված ենք, որ ապագայում գյուղացուն հուզող բոլոր խնդիրները կլուծվեն»,- նշեց նա:
ԱԺ նախագահը համոզված է՝ գյուղացուն հուզող խնդիրները պետք է լուծվեն կառավարության, Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության շնորհիվ: «Իհարկե, այդ խնդիրները ոչինչ չանելով լուծում չեն ստանա, դրա համար մենք այսօր այստեղ ենք՝ գյուղացիների հոգսերին ծանոթանալու և դրանք քննարկման առարկա դարձնելու համար»,- եզրափակեց ԱԺ նախագահը՝ ևս մեկ անգամ վստահություն հայտնելով, որ ապագայում բոլոր խնդիրների լուծումները կգտնվեն:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: ԱԺ նախագահը եղավ Արշալույս, Գեղակերտ և արագած համայնքներում, զրուցեց գյուղացիների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին: ԱԺ նախագահին ուղեկցում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ինչպես նաև ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորներ: