Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ թուրքական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կուսակցության օրակարգում դրված չէ առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հարցը: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

«Ներկա պահին մեր օրակարգում նախագահի նոր թեկնածու առաջադրելու հարց չկա: Մեր գործող նախագահը կարող է շարունակել պաշտոնավարել», -ասել է նա:

 

Այսպիսով, արդեն 7 տարի Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Աբդուլլահ Գյուլի համար բացվում է օգոստոսին տեղի ունենալիք ընտրություններում թեկնածու լինելու եւ ժողովրդի կողմից ընտրվելու դեպքում եւս 5 տարի նախագահի պաշտոնում գտնվելու ճանապարհը:

 

«Ինչպես երեւում է, դեկտեմբերի 17-ին իշխանությունների կոռուպցիոն գործողությունների բացահայտման սկանդալը փոխել է Թուրքիայի նախագահ դառնալու Էրդողանի մտադրությունը, եւ նա հրաժարվել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Այսպիսով, Էրդողանը բացել է երրորդ ժամկետն երկրի վարչապետի պաշտոնում մնալու եւ ԱԶԿ-ի 74 պատգամավորների համար կրկին առաջադրվելու ճանապարհը», -գրում է կայքը:

 

Լրագրողների այն հարցին, թե մտադի՞ր է, արդյոք, երրորդ ժամկետից հետո եւս շարունակել պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, Էրդողանն ասել է. «Իմ ցանկությունն է երեք ժամկետ աշխատել, մեկ ժամկետ հանգստանալ, հետո կրկին պաշտոնավարել»:

 

Երկու ամիս առաջ թուրքական իրավապահ մարմինների անցկացրած գործողությունների արդյունքում բացահայտվել էին Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների' խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ փաստերն արտացոլող հեռախոսային զրույցների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո իշխող կուսակցության եւ հատկապես Էրդողանի հեղինակությունն ու վարկանիշը Թուրքիայում խիստ ընկել են:

 

Համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններում Էրդողանը հանձնարարում է իր ավագ որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարի կանխիկ գումարը: Այդ ցնցող բացահայտումը պատճառ դարձավ Թուրքիայում համատարած կոչերի' Էրդողանի հրաժարականի պահանջով:

 

Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալը կարող է վերջ դնել Էրդողանի քաղաքական կարիերային, եւ նա կարող է կորցնել ոչ միայն վարչապետի իր պաշտոնը, այլեւ կարող է իր հանցագործությունների համար ենթարկվել երկարատեւ ազատազրկման: