ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2014 թվականի մարտի 6-ին ընդունեց զինվորական ծառայության ընթացքում մահացած զինծառայողներ Ա. Ղազարյանի, Ա. Ավետիսյանի, Տ. Օհանջանյանի և Վ. Մուրադյանի ծնողներին, ինչպես խոստացել էր 27.02.2014թ. կառավարության նիստից հետո նրանց հետ հանդիպման ժամանակ:
Մոտ հինգ ժամ տևած հանդիպման ընթացքում, մանրամասն քննարկվել են զինծառայողների մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործերով իրականացված քննչական և դատավարական գործողությունները, կատարված աշխատանքը, ձեռք բերված արդյունքները:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ բաժնում քննվող գործերով բաժնի պետ Կ. Հարությունյանը, մահացած զինծառայողների ծնողներին հանգամանալից ներկայացրել են քրեական գործերի ընթացքը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից, տեղում, տրվել են համապատասխան ցուցումներ, սահմանվել է դրանց կատարման և զեկուցման հստակ ժամանակացույց:
Մահացած զինծառայողների ծնորղներից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռնվել անհատապես ներկայացնել իրենց որդիների գործերի վերաբերյալ մտահոգությունները, կարծիքները և եզրահանգումները, որոնք, նույնպես ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով պարտադիր քննարկման առարկա են դարձել նախաքննական մարմնի համար:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ դատախազության լիազորւթյունների շրջանակներում, արվելու է հնարավորը, բացահայտելու կատարված հանցագործությունները, դրանք կատարողներին, մասնակից անձնաց շրջանակը, և ըստ մեղքի ու պատժի անհատականացման սկզբունքի, ենթարկելու քրեական պատասխանատվության: