ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի իր պաշտոնակից Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, քննարկել է Ուկրաինայում ստեղծված «սուր իրադրությունը»: Այդ մասին փետրվարի 7-ին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ բանավեճի ընթացքում դրսեւորվել են տարբերությունները ներկայիս ճգնաժամի ծագման պատճառների եւ ընթացիկ իրադրության գնահատականներում եւ մոտեցումներում:

 

Պուտինը, մասնավորապես, նշել է, որ հակասահմանադրական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած եւ համազգային մանդատ չունեցող Ուկաինայի ներկայիս ղեկավարությունը բացարձակապես անօրինական որոշումներ է պարտադրում արեւելյան եւ հարավարեւելյան տարածաշրջաններին ու Ղրիմին:

 

Ռուսական պետության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան չի կարող անտեսել այդ կապակցությամբ իրեն ուղղված օգնության կոչերը եւ գործում է ադեկվատ, միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան:

 

Պուտինը նաեւ ընդգծել է ռուս-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթ կարեւորություն ունեն աշխարհում կայունության ու անվտանգության ապահովման համար: «Այդ հարաբերությունները չպետք է զոհաբերվեն առանձին, թող որ հույժ նշանակալի միջազգային հիմնախնդիրների շուրջ առկա տարաձայնություններին»,- նախագահի խոսքը մեջբերել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Իր հերթին, ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, Բարաք Օբաման մեկ ժամ տեւած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ուկրաինայի իրադրությունը կարելի է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Նա այն կարծիքին է, որ դրա համար Կիեւը եւ Մոսկվան պետք է «ուղղակի բանակցություններ վարեն միջազգային հանրակցության միջնորդությամբ»: Օբաման նաեւ կարեւորել է Ուկրաինա, մասնավորապես, Ղրիմ միջազգային դիտորդների ուղարկելը, որպեսզի նրանք կարողանան «համոզվել Ուկրաինայի բոլոր քաղաքացիների, ներառյալ էթնիկ ռուսների իրավունքների պաշտպանության հարցում »: Բացի այդ, ԱՄՆ-ը պնդում է «ռուսական զորքերի վերադարձը իրենց ռազմակայաններ»:

 

«Նախագահ Օբաման նշել է, որ առաջիկա օրերին պետքարտուղար Քերին նշված նպատակներին հասնելու համար կշարունակի քննարկումները Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի, Ուկրաինայի կառավարության եւ միջազգային մյուս գործընկերների հետ»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

 

Մինչ այդ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անօրինական են ճանաչել Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը:

 

«Ուկրաինայի իրադրությունը վատանում է, քանի որ նշանակված հանրաքվեն անօրինական է»,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ ամփոփելով ԱԽ-ում կայացած կոնսուլտացիաների արդյունքները: «Օրինական կհամարվի միայն Ուկրաինայի ամբողջ տարածքում անցկացվելիք հանրաքվեն»,- հավելել է նա:

 

Նախօրյակին ՄԱԿ-ի ԱԽ-ում կայացել է դռնփակ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի իրադրությունը:

 

Մինչդեռ Սեւաստոպոլի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել այն մասին, որ քաղաքը պետք է մտնի Ռուսաստանի կազմ որպես ՌԴ-ի սուբյեկտ: Համապատասխան որոշումն ընդունվել է քաղխորհրդի մարտի 6-ին կայացած արտահերթ նստաշրջանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքային խորհուրդը ՌԴ-ի կազմ Սեւաստոպոլի մտնելու հարցը դրել է հանրաքվեի, որը նշանակված է մարտի 16-ին: