Հայաստանի խորհրդարանի դերի բարձրացման գործում մեծ դերակատարում ունեն նաև կին պատգամավորները: Այս մասին մարտի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: «Ներկայումս Ազգային ժողովում աշխատում է 14 կին պատգամավոր: Կարծեմ, մեր խորհրդարանում երբեք այսքան կանայք պատգամավոր չեն եղել: Ես՝ որպես լրագրող, շուրջ 20 տարի լուսաբանել եմ մեր խորհրդարանի աշխատանքները և կարող եմ ասել, որ այսօր մեր խորհրդարանի դերը բավականին բարձրացել է, և դրանում իրենց մեծ դերակատարումն ունեն նաև կին պատգամավորները: Այս մասին ասում է թե' Ազգային ժողովի նախագահը, թե' մնացած պատգամավորները»,-նշեց Եսայանը:

 

Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանում կան պատգամավորներ, ովքեր տաքարյուն են և հաճախ կոշտ բառեր են օգտագործում, սակայն կանանց ներկայությունը ստիպում է նրանց ավելի մեղմ լինել: «Եթե նույնիսկ լինում են դեպքեր, երբ նրանք չեն դիմանում և կոշտ են արտահայտվում, սակայն հետո անպայման ներողություն են խնդրում, ինչը ևս շատ կարևոր է»,-ասաց նա:

 

Մարգարիտ Եսայանը հերքեց մամուլում հաճախակի հայտնվող տեղեկատվությունները խորհրդարանի կին պատգամավորների միջև վեճերի մասին: Նրա խոսքով՝ Ազգային ժողովում կին պատգամավորները աշխատում են համերաշխ, առանց նախանձի: «Նրանք բոլորն էլ խելացի կանայք են, ցանկացած հարցի վերաբերյալ ունեն իրենց դիրքորոշումը և արտահայտում են այն»,-ասաց Եսայանը:

 

Հարցին, թե ինչպիսին պետք է լինի իսկական հայ կինը՝ Եսայանը պատասխանեց. «Մեզ նման»: Նա նշեց, որ ամեն օր չէ, որ ինքը հասցնում է անել տան գործերը: «Իրականում ես գիտեմ, որ շատ կանայք սիրում են խոհանոցը: Ես նրանց ողջունում եմ, սակայն ես խոհանոց չսիրող կին եմ ու շնորհակալ եմ իմ ընտանիքին, որ ըմբռնումով են մոտենում դրան»,-ասաց նա: