Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը առ Աստված աղոթքով բարեհիշատակ Հայր Սուրբի հոգու հանգստության համար' սգում են Հոգեշնորհ Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանի մահը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Ամերիկայի Հայոց Արևելյան թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանն ի Տեր հանգչել է ԱՄՆ Բելվիլ Իլլինոյի հիվանդանոցում մարտի 3-ին:

 

Տ. Շնորհք (գավազանի անունը' Արամ) ծայրագույն վարդապետ Գասպարյանը ծնվել է 1929 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:
Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրիայի ազգային վարժարանում, ապա ուսանել Անգլիական դպրոցում:

 

1959 թ. ավարտել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը և ձեռնդրվել սարկավագ: Միաժամանակ ուսանել է Մարգեթի համալսարանում: Տիրապետել է ինը լեզուների:

 

1961 թ. ձեռամբ Եգիպտոսի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մամբրե արքեպիսկոպոս Սիրունյանի կուսակրոն քահանա է ձեռնադրվել Կահիրեի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:

 

1962 թ.-ից հովվական առաքելությամբ մեկնել է Բրազիլիա' Սան Պաուլո, ուր վարդապետության մասնավոր աստիճան է ստացել տեղի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Ապատյանի կողմից:

 

1963 թ.-ին նշանակվել է Բրազիլիայի և Ուրուգվայի առաջնորդական փոխանորդ:

 

1969 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի հանգամանքով հրավիրվել է Ս. Էջմիածին:

 

1974 թ. Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկայնի կողմից ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան:

 

1979 թ. Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի կողմից նշանակվել է Պատրիարքի օգնական:

 

1996 թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի կողմից հրավիրվել է Երուսաղեմ' իբրև ճեմարանի պատասխանատու և դասախոս:

 

Ամերիկայի Հայոց Արևելյան թեմում հովվական պաշտոններ է վարել մի շարք շրջաններում: Հովվական ծանր պարտականությունների հետ մեկտեղ հետևել է Քրիստոսաբանության, Ծիսական աստվածաբանության, Հովվական խորհրդատվության և Լեզվաբանության դասընթացներին:
Հանգստյան կոչվելո ւց հետո Հոգեշնորհ Հայր Սուրբը որպես այցելու հովիվ իր ծառայությունն էր շարունակում բերել Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի մի շարք ծուխերում:

 

Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանի լուսանկարն «Արմենպրես» լրատվական գործակալության 2013թ. 10 լավագույն լուսանկարներից էր:

 

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: