Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվը ցանկանում է Թուրքիայի հետ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հրեա վարչապետը հայտարարել է Էյլաթում օտարեկրյա լրագրողների հանդիպման շրջանակում «Անատոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ ունեցած զրույցում:

 

Նրա խոսքով, Իսրայելը ցանկանում է, որպեսզի Թուրքիայի հետ երկկողմանի հարաբերությունները վերադառնան 2010 թ. սկզբի մակարդակին: «Անատոլու»-ի թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնվեն մոտ ժամանակում, Նեթանյահուն պատասխանել է. «Հուսով եմ, այո»:

 

Էյլաթում հանդիպման ժամանակ Նեթանյահուն օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ցուցադրել է անցյալ շաբաթ Կարմիր ծովում Իսրայելի ծովուժի «Shayetet 13» հատուկ ծառայության կողմից ձերբակալված իրանական «KLOS-C» նավում հայտնաբերված' Պաղեստինի Գազայի հատվածի համար նախատեսված 40 հատ 200 կմ հեռահարության M-302 հրթիռները:

 

«Ռոյթերս»-ը հայտնել էր, որ նավի վրա ձերբակալվածների մեջ եղել են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի քաղաքացիներ, որոնք պետք է հարցաքննվեն իսրայելական հատուկ ծառայությունների կողմից:

 

«KLOS-C» նավը մեկնում էր Սուդան, որտեղից հրթիռները ցամաքային ճանապարհով Եգիպտոսի տարածքով պետք է հասցվեին Պաղեստինի Գազայի հատված: Նավը բերման էր ենթարկվել Իսրայելի հարավային Էյլաթ նավահանգիստ:

 

Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լրջորեն վատացել են այն բանից հետո, երբ իսրայելյան հատուկ նշանակության ջոկատը 2010 թ. մայիսին գրավել էր թուրքական «Մավի Մարմարա» նավը, որը մարդասիրական բեռներ փոխադրող միջազգային շարասյան կազմում արգելված բեռ էր փոխադրում Գազայի հատված: Իսրայելը պնդում է, որ իր զինծառայողները թուրքական նավի վրա գործել են միջազգային օրենքների համաձայն' ինքնապաշտպանության նպատակով: Այդ միջադեպի ժամանակ նավի վրա սպանվել էին 9 թուրք քաղաքացիներ: