Ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքները հունիսից կկարողանան օգտվել բնակարանների վերանորոգման համար նախատեսված նոր վարկատեսակից։ Ֆրանսիական զարգացման գործակալությունը Ազգային հիփոթեքային ընկերության հետ Հայաստանում կսկսի բնակարանային էներգոարդյունավետության բարձրացման և միկրովարկերի ֆինանսավորման ծրագիրը, որով նախատեսվում է 14 մլն դոլարի վարկ տրամադրել մոտ 3000 ընտանիքների։
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ազգային հիփոթեքային ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանը՝ վարկատեսակները երկուսն են, բացի որոնցից Եվրամիությունը բոնուսային համակարգ է մշակել դրանցից օգտվողների համար։ «Առաջին վարկատեսակը մինչև 2,5 մլն դրամին համարժեք միկրովարկերն են՝ առանց գրավադրման։ Այս վարկատեսակով, եթե վարկառուն իր ստացած վարկային միջոցների 50 տոկոսից ավելին ծախսում է բնակարանի էնեգոարդյունավետության բարձրացման համար, ապա վարկի 10 տոկոսի չափով փոխհատուցում է ստանում Եվրամիությունից, որն ուղղվելու է վարկի մարմանը։ Մյուս վարկատեսակն ուղղված է հենց էներգոարդյունավետության բարձրացմանը և ենթադրում է մինչև 5,5 մլն դրամ վարկավորում։ Այս վարկատեսակը պետք է օգտագործվի միայն էներգոարդյունավետության բարձրացման համար, իսկ վարկառուները Եվրամիության կողմից կֆինանսավորվեն 5 տոկոսով։ Վարկերը կտրամադրվեն 5-10 տարի ժամկետով, մինչև 2 տարի մարման արտոնյալ ժամանակաշրջանով»,-ասաց Եդիգար յանը։ Նա նշեց, որ այս ծրագիրը նախատեսված է հիմնականում մարզերի բնակիչների համար, ովքեր ունեն ավելի ցածր եկամուտներ, իսկ Երևանի կենտրոնի բնաիչները շահառու չեն կարող հանդիսանալ։
Ազգային հիփոթեքային ընկերության և Ֆրանսիական զարգացման գործակալության միջև ստորագրված վարկային համաձայնագրով գործակալությունը տրամադրում է 10 մլն եվրոյին համարժեք վարկ տասներկու տարի ժամկետով: «Բացի ֆինանսական օժանդակությունից, Ֆրանսիական զարգացման գործակալությունը տրամադրելու է նաև տեխնիկական աջակցություն։ Դրանով նախատեսվում է միջազգային փորձագետների խորհրդատվություն, ովքեր կօգնեն մշակել վարկատեսակները։ Սա մի կողմից խրախուսում է նման վարկատեսակների ներդրումը, մյուս կողմից էլ սոցիալական հարցեր է լուծում, քանի որ ուղղված է միջին և ցածր եկամուտ ունեցող բնակիչներին»,-ասաց Եդիգարյանը։
Ֆրանսիական զարգացման գործակալությունը նախորդ տարի պատրաստակամություն էր հայտնել ծրագրեր իրականացնել Հայաստանի ջրամատակարարման, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, ինչպես նաև հիփոթեքային վարկավորման ոլորտներում։ ԶՖԳ-ն ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում, որոնք հիմնականում ուղղված են տնտեսության աճին, ենթակառուցվածքների զարգացմանը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: