«Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ Արթուր Ղամբարյանը բարձր է գնահատում ՀՀ նախագահի մակարդակով իրավաբանական կրթության բարելավման անհրաժեշտության գիտակցումն ու ներկայացնում մի քանի առաջարկություններ: «Դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով առաջին անգամ պաշտոնական փաստաթղթերում կարևորվել է իրավաբանական կրթության որակը: ՀՀ նախագահի հանձնարարականով Արդարադատության նախարարը ստեղծել է միջգերատեսչական հանձնաժողով, մշակվել են իրավաբանական կրթության որակի չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանեն նման կրթություն առաջարկող ուսումնական հաստատությունները: Դա, կարծում եմ, խիստ անհրաժեշտ է, քանի որ իրավաբանությունը այն հիմնարար մասնագիտություններից է, որոնք առնչվում են մարդկանց ճակատագրերին: Հետևաբար, այդ մասնագետները պետք է ունենան որակյալ կրթություն»,-ասաց Արթուր Ղամբարյանը:
Նրա խոսքով' մենք շատ ենք դժգոհում պրակտիկ իրավաբանների' դատախազների, քննիչների, դատավորների, փաստաբանների որակներից' չվերլուծելով այդ դժգոհությունը ծնող համալիր պատճառները: «Եթե կրթությունը թերություններ ունի, ապա արդյունքներն երևում են արդեն իրավակիրառ գործունեության ժամանակ»,-նշեց Արթուր Ղամբարյանը:
Նա նշում է մի շարք թերություններ, որոնք այսօր առկա են հայաստանյան իրավաբանական կրթության ոլորտում' կարևորելով դրանց շտկմանն ուղղված միջոցառումները: «Հիմնական թերություններից մեկը, որը պատճառ է հանդիսանում անորակ իրավաբանական կադրերի ստեղծման համար, այն, որ մեր իրավաբանական կրթությունը շարունակում է հավատարիմ մնալ խորհրդային կարգերին բնորոշ կրթությանը: Այն խիստ տեսականացված է: Երբ ուսանողը սովորում և ավարտում է բուհը, դառնում է օրենսդրագետ, իսկ պրակտիկայում հանդիպում է բազմաթիվ դժվարությունների: Ներկայումս ուսանողներից պահանջվում է միայն օրենքներն անգիր սովորել ու վերարտադրել: Քննադատական մոտեցումը բացակայում է մեր իրավաբանական կրթական համակարգում»,-ասաց բանախոսը' հավելելով, որ շատ կարևոր է օրենսդրական կարգավորումներից դուրս մտածել, երբ առկա է գերակա շահ:
«Հայաստանյան իրավաբական կրթության մյուս թերությունը տեսական ու պրակտիկ գիտելիքների կապի բացակայությունն է: Դրա պատճառը նաև մանկավարժական անձնակազմի ակադեմիկանացվածությունն է: Մեր ուսանողների մեծամասնությունը իրավական պրակտիկայում աշխատելու ցանկություն ունի, բայց որպեսզի կարողանա այդ պրակտիկ գիտելիքները ձեռք բերել, պետք է նրանց դասավանդեն ոչ միայն ակադեմիական գիտելիքներ ունեցող մասնագետներ, այլև պրակտիկ գործունեություն ծավալող անձիք»,-նշեց Արթուր Ղամբարյանը' հույս հայտնելով, որ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը կլ ուծի իրավաբանական կրթության որակներին առնչվող խնդիրները:
ՀՀ նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում հիմնված Արդարադատության ակադեմիայի ուսումնական գործընթացում սկսվում է դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը: Մարտի 18-ին տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։