Առաջիկա օրերին կարող Է հայտարարվել, որ Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Ստոլտենբերգը Անդերս Ֆոգ Ռասմուսենին կփոխարինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ մասին մարտի 24-ին հաղորդել է Aftenposten նորվեգական թերթը:

 

Ստոլտենբերգի թեկնածությունը պաշտպանել են Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դեւիդ Քեմերոնը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ավելի վաղ իտալական La Repubblica-ն գրել է, որ Նորվեգիայի նախկին վարչապետը վայելում է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի եւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աջակցությունը: Ինչպես նշում է Aftenposten-ը, Ստոլտենբերգի ապագա նշանակման մասին կարող է հայտարարվել արդեն մարտի 26-ին՝ Օբամայի Բրյուսել այցի ընթացքում, որտեղ ԱՄՆ-ի ղեկավարը հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Հյուսիսատլանտյան խորհրդի անդամների հետ:

 

Մինչ այս պահը ոչ Ստոլտենբերգն ինքը, ոչ էլ Նորվեգիայի Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները, որը նա գլխավորում է, չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

 

Ռասմուսենի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 30-ին, սակայն, ինչպես նշում են բազմաթիվ ԶԼՄ-ներ, դաշինքի ղեկավարությունը մտադիր է ներկայիս գլխավոր քարտուղարի փոխարինողի հարցը փակել դեռ մինչեւ Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի են ունենալու մայիսի վերջին:

 

ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնի հավակնորդների թվում նշում են Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն, Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Ֆրանկո Ֆրատինիին, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուին:

 

Սակայն, ինչպես նշում է Aftenposten-ի քաղաքական մեկնաբան Հերալդ Ստանգհելը, հարցն արդեն լուծված է, եւ այդ թեկնածություններն այլեւս չեն դիտարկվում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: