Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կանոնակարգել հարկային համակարգը: Նախագծին կողմ քվեարկեց 102, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

 

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է, որ հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքներն ընդունելու տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից:

 

Այն դեպքում, երբ հաջորդ տարվա ՀՀ պետական բյուջեի մասին օրենքը չի ընդունվել մինչեւ ընթացիկ տարվա ավարտը, հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի ուժի մեջ մտնելու պահից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վեցերորդ ամսվա սկզբից:

 

Առաջարկվող օրենքների կարգավորման առարկան՝ հարկերի գործող դրույքաչափերում փոփոխություններ, նոր հարկատեսակի ներդրում նախատեսող օրենքների ուժի մեջ մտնելը կանոնակարգելն է՝ առաջնորդվելով հարկատուների իրավունքներով: Առաջարկվում է առաջնորդվել հարկատուներին հարկային նոր ռեժիմի պայմաններում գործելու հնարավորություն ընձեռնելու տրամաբանությամբ: