Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հայտարարել է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գրեթե կես տարի պաշտոնավարման ժամանակաշրջանում ադրբեջանական բանակում թերությունները, կոռուպցիան եւ կաշառակերությունը ոչ թե պակասել, այլ ավելի են շատացել: Այս մասին փորձագետը հայտնել է pia.az լրատվական կայքի հետ զրույցում:
Ուզեիր Ջաֆարովը պարզել է ադրբեջանական բանակում ինքնասպանությունների հաճախակի դառնալու պատճառները; Նրա կարծիքով' հիմնական պատճառը դեռեւս խորհրդային ժամանակներից եկող «դեդովշչինան» է, որն արմատացել է ադրբեջանական բանակում: Նրա խոսքով' զինվորների ինքնասպանության դիմելու, սպանությունների եւ կտտանքների ենթարկվելու գլխավոր պատճառներից մեկն էլ հրամանատարության կողմից ամեն բացասական երեւույթի նկատմամբ ցուցաբերած համատարած անտարբերությունն է:
«Հրամատարները զորամասերում պատասխանատվություն չեն ցուցաբերում զինվորների նկատմամբ, չեն հետաքրքրվում նրանց խնդիրներով, խղճով չեն կատարում իրենց պարտականությունները: Կատարված դեպքերը բացահայտելու եւ դրանք վերացնելու փոխարեն, թաքցվում են հանրությունից»,- ասել է նա:
Փորձագետը անհույս է գնահատել ադրբեջանական բանակում տիրող իրավիճակը: «Եթե Ադրբեջանի զինված ուժերի ղեկավար անգամ նշանակվի աշխարհի ամենամեծ զորավարը, միեւնույն է, արդարացի սկզբունքայնության, կադրային քաղաքականության բացակայության պայմաններում ադրբեջանական բանակում դրական փոփոխություններ չեն կարող լինել»,- հավելել է նա:
Ուզեիր Ջաֆարովն ավելի վաղ ադրբեջանական avropa.info լրատվական կայքին հայտնել էր, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովին խստորեն քննադատել են Նախագահի աշխատակազմում այն բանի համար, որ նա զինծառայության է վերադարձրել եւ բարձր պաշտոնի է նշանակել 9 տարի բանտ նստած սպայի, ով մեղադրվել էր հայկական կողմին կերոսին վաճառելու մեջ:
«Նախարարին զգուշացրել են, որ վերջին շրջանում նա լուրջ սխալներ է կատարել իր աշխատանքում: Հետաքրքիր է, որ նախարարն արդարացել է, որ այդ նշանակման վերաբերյալ ինքն, իբր, հանգամանորեն տեղեկացված չի եղել: Սակայն այդ սպան, որի անունը չեմ ցանկանում հրապարակել, ներկայում պաշտոն է զբաղեցնում ՊՆ կենտրոնական ապարատում, Գլխավոր շտաբի պետի ենթակայության տակ: Հարց է ծագում, եթե Նախագահի աշխատակազմից արված զգուշացումներից հետո եւս Զաքիր Հասանովն այդ սպայի նշանակման հետ կապված տեղեկություններ չունի, այդ դեպքում պաշտպանության նախարարությունում կադրերի նշանակումները ո՞վ կամ ովքե՞ր են կյանքի կոչում», -նախարարին քննադատել է փորձագետը: