Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համամիտ չէ, որ Ռուսաստանը, Ղրիմի առնչությամբ ունեցած դիրքորոշման հետեւանքով հայտնվել է մեկուսացման մեջ: Նրա գնահատմամբ, Արեւմուտքի գործընկերները, դիտավորյալ հորինելով մեկուսացում բառը, փորձում են գործել' ելնելով իրենց «նեո-կայսերական նոստալգիկ ամբիցիաներից»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ռուսական Вести հեռուստաընկերությունը, Սերգեյ Լավրովը նշել է, որ երբ արեւմուտքին մի բան դուր չի գալիս նրանք վերցնում են պատժամիջոցների «գավազանը»' մոռանալով, որ նման վերաբերմունքն արդեն մնացել է անցյալում: «Պետք է մտածել ոչ թե գործընկերների մեկուսացման, այլ այն մասին, թե ինչպես առանց բացառության բոլորին ներգրավել միասնական աշխատանքի մեջ»,- ասել է Լավրովը' զարմանք հայտնելով, որ Արևմուտքն ավելի մոլեռանդորեն փորձում է ապացուցել, որ Ռուսաստանը հայտնվել է մեկուսացման մեջ:

 

Լավրովը հավելել է, որ Ղրիմի հարցում ՌԴ դիրքորոշումը փոխելու վերաբերյալ Արեւմուտքի կոչերը անհույս են: «Կարելի է իրավիճակի մեր ընկալմանը չհամաձայնել, կարելի է չընդունել ՌԴ որոշումները՝ ի պատասխան ղրիմցիների կամարտահայտման։ Մեզ համար պարզ է նման դիրքորոշումը, այդպիսին է կյանքը: Սակայն չընկալել իրական քաղաքականությունը եւ մեզ ներկայացված պահանջների բացարձակ անհույս լինելն այն պահին, երբ հայտարարել ենք, որ կընդունենք ղրիմցիների ցանկացած որոշում, դիվանագիտական լկտիություն է կամ լիակատար չկայացածություն», - հավելել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: